«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքող ակտիվիստների վրա բազմիցս իրականացված հարձակումները մինչև օրս շարունակվում են, բացի սպառնալիքներից դրանք ուղեկցվում են նաև ֆիզիկական բռնությամբ:
Այսօր առավոտյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել և ծանր ֆիզիկական վնասվածքներ է ստացել քաղաքացիական ակտիվիստ «Ամոթ է» շարժման հիմնադիրներից Զուկա Բերձենիշվիլին: Ներքին գործերի նախարարությունը քրեական օրենսգրքի խմբակային բռնության հոդվածով քաղաքացիական ակտիվիստ Զուկա Բերձենիշվիլիի վրա հարձակման փաստով հետաքննություն է սկսել:
Իր ֆեյսբուքյան էջում Զուկա Բերձենիշվիլին գրում է.
«Իմ տան մոտ ինձ հանդիպեցին, թիկունքից բռնեցին, ծեծեցին ու փախան… ակնհայտ է, որ այսօր այս երկրում ռեժիմի գերիներն ամենաազատն են, իսկ ռեժիմի կողմից ոտնահարվածները՝ ամենաառողջը։ Ինձ համար պատիվ է»:
Հիշեցնենք նաև, որ օրերս ֆիզիկական բռնության էր ենթարկվել նաև ԹՊՀ-ի ուսանող, ուսանողական շարժման առաջնորդներից Նիկո Մանագաձեն:
Համալսարանի առաջին մասնաշենքի մոտ, դասի ավարտից հետո անհայտ անձինք հարձակվել և ծեծի էին ենթարկել նրան։
Մանագաձեն այն ուսանողներից է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել «Հանդիպեք Կոբախիձեին», – կարգախոսով ուսանողական շարժմանը։ Նրանք համալսարանի դիմաց էին հավաքվում կոչ անելով Իրակլի Կոբախիձեին հեռանալ համալսարանից:
Մանագաձեի խոսքով, իր վրա հարձակվածների ինքնությունն անհայտ է․
«Հետևում եմ պաշտոնական ընթացակարգերին, առգրավել են այն հագուստը, որ հագել եմ հարձակման օրը, և որի վրա կան արյան հետքեր, իրականացվել է հարցաքննություն, հարձակման պատճառը կարծում եմ բոլորին պարզ է, այսկերպ փորձում են լռեցնել և վախի զգացողություն առաջացնել»,- ասում է Մանագաձեն։
Իր ֆեձսբուքյան էջում նա գրում է․
«Ինձ վրա հարձակվողներին պատժելը չի կարող ինքնանպատակ լինել, նպատակը այս աղետին վերջ տալն է, իսկ ռեժիմը դա իր կամքով չի անի, ինքն իրեն չի կարող, մենք պետք է անենք։ Այս հանցավոր, դավաճան խումբը պետք է հեռացվի այս երկրից։ Կյանքն այսպես չի կարող շարունակվել։
Չարիքը կվերջանա!
Վրաստանը Ռուսաստան չի լինի!
Ազատությունը կհաղթի!
Այս կռիվը ընդհանուր է!»
Ընդգծենք, որ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանն ինտեգրման գլխավոր խոչընդոտներից մեկը։ Օրենքն ընդունվեց լարված մթնոլորտում՝ փողոցում բողոքի ցույցերի ու ձերբակալությունների ֆոնին։ Վրաստանի խորհրդարանի նիստին ներկա պատգամավորներից 84-ը կողմ է քվեարկել օրենքի ընդունմանը, իսկ 30-ը՝ դեմ։
Ըստ օրենքի՝ շահույթ չհետապնդող իրավաբանական այն անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, որոնց եկամտի 20%-ից ավելին արտերկրից է։ Այդ կազմակերպություններից պահանջվում է գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, իսկ չգրանցվելու դեպքում կտուգանվեն։ Ինչպես նաև այդ կազմակերպություններից պահանջվում է ամեն տարի հաշվետվություն ներկայացնել իրենց ծախսերի մասին։