«Georgian Airways»-ը ռուսաստանցիների համար Թբիլիսիով դեպի Եվրոպա տարանցիկ ավիաչվերթներ կսկսի։ Այս մասին RTVI-ին պատմել է վրացական ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին։ Ծրագրերում են հինգ եվրոպական քաղաքներ՝ Միլան, Փարիզ, Վիեննա, Լառնակա, Սալոնիկ։
«Կսկսենք հունիսի 15-ին: Տեսնենք, թե ինչպես կընթանա այս գործը: Բայց մենք կարծում ենք, որ այդ ուղղությունների նկատմամբ կլինի բավարար պահանջարկ։ Այն ավելի հարմար և արագ կլինի Թբիլիսիով, քան այլ ուղղություններով»,- ասել է Գաիաշվիլին։
Ավիաընկերության հիմնադիրը հավելել է, որ, ըստ Georgian Airways-ի կանխատեսումների՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղեւորահոսքը աստիճանաբար կվերականգնվի։
«Բնականաբար, մենք կպահպանենք օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Դրա հետ ոչինչ չի պատահի։ Վրաստանի կառավարությունը շատ ջերմ է ընդունել այս որոշումը։ Աստված տա՛, որ այն այլևս չընդհատվի»,- հավելել է նա։
Գաիաշվիլին խոստովանել է, որ դեպի Մոսկվա չվերթների պահանջարկն առայժմ առանձնապես չի աճում։
«Կարծում եմ՝ ժամանակ կպահանջվի, գովազդ, որպեսզի մարդիկ իմանան, որ նման բան գոյություն ունի, և հետո, կարծում եմ, որ ուղևորները կմեկնեն»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ հոսքն աստիճանաբար կավելանա, քանի որ «հիմա հասկանում են, որ ուղիղ չվերթները վերականգնվել են, և բոլորը կամաց-կամաց անցնում են ուղիղ չվերթների»։