Պայթյուն է տեղի ունեցել Աբովյան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ։

Պայթյունից 7 քաղաքացի է տուժել, 7-ն էլ դիմել են բուժօգնության։ Առողջապահության նախարարության երեկվա տվյալներով՝ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, չորս տուժածինը՝ կայուն ծանր, մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները խախտելը, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, ծառայությունների մատուցումը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք։

Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Ըստ ՔԿ-ի՝ վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։

Ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, որ նախնական տվյալներով զոհեր չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը։