Ինչպես արդեն տեղեկացրել էինք Գումբուրդո գյուղի տաճարի վերանորգման աշխատանքները կրկին վերսկսվել են: Այս փուլի համար հայտարարված էլեկտրոնային մրցույթի վերջնաժամկետը մինչև սեպտեմբեր ամիսն է։ Մնացած աշխատանքների համար նոր էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի ։
Աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրենի խոսքով, վերականգնման աշխատանքներն ընթանում են սովորական ռեժիմով, խնդիրներ չեն առաջանում։
«Ըստ մեր կնքած պայմանագրի՝ այս փուլում պետք է կատարենք արևմտյան կողմի կամարի վերականգնման աշխատանքները։ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը սեպտեմբերից հետո նոր էլեկտրոնային մրցույթ կհայտարարի: Աշխատանքների ընթացքում ոչ մի խնդիր չենք ունեցել, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Արքիտեքս» ընկերության տնօրեն Վլադիմեր Տափնաձեն։
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը facebook-յան էջում հրապարկել է այս պահին կատարվող աշխատանքների մասին տեղեկատվություն, որում մասնավորապես ասվում է․
«Այս փուլում եկեղեցու արևմտյան հատվածի կենտրոնական նավակի վրա տեղադրվել է ջրամեկուսիչ շերտ, և ներկայումս իրականացվում է պատի բյուրեղյա սալիկների դասավորության աշխատանքները։ Իսկ հյուսիս-արևմտյան և հարավարևմտյան հատվածների թևերի անկյուններում դեկորատիվ, բարդ մակերեսային դետալների տեղադրում է կատարվում։
Գործակալության կողմից ընթացիկ փուլի աշխատանքներն իրականացնելու համար հատկացվել է 836 536 լարի։
Հաշվի առնելով տաճարի ծանր վիճակը՝ 2015 թվականին ավարտվել է վերականգնման նախագծային փաստաթղթերը, իսկ 2016 թվականից «Քարթու» հիմնադրամն աստիճանաբար սկսել է հուշարձանի վերականգնողական լայնածավալ աշխատանքները, մասնավորապես իրականացվել է մաքրման և հնագիտական աշխատանքներ։ Հավաքվել է տաճարի արևմտյան թևի հիմքը, ամբողջությամբ վերականգնվել են նաև արևմտյան թևը և նրա հյուսիսային և հարավային միջանցքները, ինչպես նաև ամողջությամբ վերականգնվել է տաճարի հարավային դարպասը և ծածկվել բյուրեղյա ծածկով (ლორფინის სახურავით)։ Վերոնշյալ աշխատանքների համար հիմնադրամի կողմից ծախսվել է 1 878 637 լարի»։
Հատկանշական է, որ Jnews-ը բազմիցս է անդրադարձել այս թեմային, և շատ անգամ պաշտոնական դիմում ներկայացրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությանը աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, սակայն մեր նամակները մնացել են անպատասխան։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝