Կումուրդոյի տաճարի վերականգնման աշխատանքները կրկին վերսկսվել են: Թե որքան կտևեն դրանք այս անգամ, հայտնի չէ:

Ըստ գյուղի բնակիչների և համայնքի պատգամավոր Արամաիս Զաքարյանի, աշխատանքները շարունակվում են արդեն երկրորդ օրը: Նշենք, որ աշխատանքները 2023 թվականին չէին վերսկսվել:

kumurdo2

Կումուրդոյի 10-րդ դարի տաճարի կամ ինչպես տեղացիներն են անվանում՝ Սուրբ Համբարձում եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2016 թվականին։ «Կումուրդոյի տաճարի վերականգնում»-ը 3 մլն լարի արժողությամբ ծրագիրն իրականացվում է Վրաստանի մշակութային ժառանգության գործակալության կողմից։

Աշխատանքների ավարտի ժամկետը բազմիցս հետաձգվել է։ Վերանորոգման աշխատանքների սկզբում ասվում էր, որ աշխատանքները տևելու են 3 տարի, սակայն 2018 թվականին որպես վերջնաժամկետ նշել են 2021 թվականը, այսինքն՝ ստացվել է ոչ թե 3, այլ 5 տարի։ Սակայն տաճարի վերականգնումը չի ավարտվել ոչ 2021 թվականին, ոչ 2022 թվականին, իսկ 2023 թվականին աշխատանքներ ընդհանրապես չեն տարվել։

Jnews-ը բազմիցս դիմել է գործակալությանը՝ վերականգնման գործընթացի և ժամկետների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով պաշտոնական գրությամբ, սակայն գործակալությունը ոչ մի հարցման չի պատասխանել: