«Չնայած Վրաստանի քաղաքացիների զանգվածային բողոքին, միլիարդատեր Բ. Իվանիշվիլիի իշխող «Վրացական Երազանքը», այնուամենայնիվ, ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը, գրում է netgazeti.ge անկախ ինտերնետ հրատարակությունը։
Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանում նմանատիպ օրենքը ոչնչացրել է անկախ լրատվամիջոցներն ու ժողովրդավարական ինստիտուտները, իսկ օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը ամրապնդել է Պուտինի ռեժիմի դիկտատուրան։
«Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի խմբագիրները, որպես արտաքին ազդեցությունից զերծ անկախ լրատվամիջոցներ, մտադիր չեն ենթարկվել այս հակասահմանադրական, հակաժողովրդավարական օրենքին և գրանցվել օտարերկրյա ազդեցության, այսպես կոչված, «թափանցիկության ռեգիստրում». – գրում են երկու հրատարակությունները՝ նշելով, որ շարունակելու են իրենց գործունեությունը՝ բնակչությանը իրազեկելով կարևոր հարցերի վերաբերյալ։
Անկախ «Բաթումելեբի» թերթը լույս է տեսնում 2001 թվականից։ Հրատարակությունն արժանացել է միջազգային մրցանակների՝ լրագրության և հետաքննության ոլորտում իր պրոֆեսիոնալիզմի համար։
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն և վերջնականապես հաստատել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը քաղաքացիական հասարակությունը համարում է Օտարերկրյա գործակալների մասին Ռուսաստանի օրենքի անալոգը։ Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից անմիջապես հետո, թեև դրա հիմնական կետերը, որոնք վերաբերում են «օտար տերության շահերը կրող» ռեգիստրում կազմակերպությունների գրանցմանը, կգործեն օրենքի ուժի մեջ մտնելուց 60 օր հետո։
Եթե կազմակերպությունը հրաժարվում է գրանցվելուց, իսկ շատերն արդեն հայտարարել են, որ մտադիր չեն գրանցվել, օրենքը թույլ է տալիս Արդարադատության նախարարությանը կանոնավոր «մոնիթորինգ» իրականացնել և խոշոր տուգանքներ կիրառել նման կազմակերպությունների նկատմամբ։
Կառավարության մոնիթորինգի լիազորությունների վերաբերյալ անորոշ կանոնակարգերը մտավախություն են առաջացրել, որ դրանք կարող են օգտագործվել ընտրությունների ժամանակ քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների, այդ թվում՝ դիտորդների աշխատանքը սահմանափակելու համար:
Օրենքը նաև թույլ է տալիս իշխանություններին պահանջել առավել գաղտնի անձնական տվյալներ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ անհատներից և նրանց նկատմամբ տուգանքներ կիրառել, եթե նրանք հրաժարվեն դրանք տրամադրել:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հայտարարել էր հատուկ տվյալների բազա ստեղծելու մասին, որը տեղեկատվություն կհավաքի «անօրինական գործողություններին մասնակցող կամ դրանց հրապարակայնորեն հավանություն տվող անձանց մասին»։
Այդ նպատակով «Վրացական երազանք»-ը կուսակցական կառույցների միջոցով սկսում է ստեղծել տվյալների բազա, որտեղ կհավաքվեն Վրաստանի «անցանկալի» քաղաքացիների մասին տեղեկությունները։
«Երազանք»-ի բազան հրապարակայնորեն կտեղադրվի հատուկ կայքում, և «շահագրգիռ» անձինք կկարողանան «համապատասխանաբար արձագանքել իրենց համաքաղաքացիների կողմից իրագործված խախտումներին»։
Սա «օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունելու «Երազանք»-ի կողմից արդեն երկրորդ փորձն է, և այժմ այն պսակվել է հօգուտ Բ. Իվանիշվիլիի իշխանությունների։ 2023 թվականի փետրվարին նմանատիպ նախաձեռնությունը դիմավորեցին լայնածավալ բողոքի ակցիաներով, և իշխող կուսակցությունը ստիպված եղավ հետաձգել այն։