ԵՄ վեց երկրներ բացել են սահմանները Վրաստանի համար՝ առանց որևէ պայմանի: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես պարզաբանել է Զալկալիանին՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա և Հունգարիա այցելելիս, Վրաստանի քաղաքացիները ստիպված չեն լինի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ կամ երկու շաբաթ մնալ կարանտինում:
«Սա այն երկրների ցանկն է, որոնք մինչ այժմ առանց որևէ պայմանի իրենց սահմանները բացել են Վրաստանի քաղաքացիների համար: Ելնելով սրանից՝ մենք նույնպես մտածում ենք, որ մեր կողմից էլ պետք է համարժեք մոտեցում ցուցաբերվի այդ երկրներին», – հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:
Ինչպես գիտեք, Վրաստանը ընդգրկվել է ոչ շենգենյան 14 երկրների ցանկում, որոնց հետ հուլիսի 1-ից բացվել են ԵՄ արտաքին սահմանները: Այնուամենայնիվ, ԵՄ բոլոր անդամ պետությունները ինքնուրույն են որոշում իրենց ազգային սահմանները հատելու պայմանները:
Օրինակ՝ Ավստրիան, Դանիան, Ռումինիան և Բուլղարիան այս փուլում հրաժարվում են ընդունել Վրաստանի քաղաքացիներին: ԵՄ այլ երկրներ, ներառյալ Չեխիան, հայտնել են, որ նրանք կբացեն սահմանները Վրաստանի հետ միայն փոխադարձ պայմաններով: Իտալիան Վրաստանի քաղաքացիներին թույլ է տվել մուտք գործել երկիր, բայց 14-օրյա ինքնամեկուսացումը պարտադիր է:
Հունաստան այցելել ցանկացողները պետք է լրացնեն հատուկ ձևաթուղթ և ստանան շտրիխ կոդ: Նմանատիպ միջոցառումներ է նախաձեռնում նաև Իսպանիան: ԵՄ որոշ անդամներ պատրաստ են ընդունել երրորդ երկրի քաղաքացիներին միայն այն դեպքում, եթե նրանք ներկայացնեն կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) միջոցով թեստի արդյունքները, ուղևորությունից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ:
Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանը փակել է իր սահմանները օտարերկրացիների համար մարտի 18-ից: Սպասվում էր, որ միջազգային զբոսաշրջիկների ընդունելությունը կվերսկսվի հուլիսի 1-ից, բայց դա տեղի չունեցավ: Վրաստանի կառավարությունը պատճառ է անվանում աշխարհի շատ երկրներում համաճարակաբանական ծանր իրավիճակը: Միևնույն ժամանակ, իշխանությունները շեշտում են, որ սեփական քաղաքացիների առողջության մասին հոգալը նրանց գերակայությունն է:
Սպասվում է, որ մինչև օգոստոսի 1-ը Վրաստանի օդանավակայանները կընդունեն չարտերային չվերթներ, որոնք իրականացվում են մի քանի ավիաընկերություններ: