Ախալքալաքում շտապօգնության նոր շենքն արդեն կառուցվել է, շինարարությունն ավարտին հասցնելու համար մնում է ավարտել բակի բարեկարգումն ու ասֆալտապատումը, որը, ըստ կառուցապատողի, հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով:
Շենքը կառուցված է, տեղադրվել են դռներն ու պատուհանները, ներսում անցկացվել է հաղորդակցությունը, տեղադրվել է կահույքը, կատարվել են ֆասադային աշխատանքները, սակայն կառուցապատողները դեռ չեն ավարտել բակի ասֆալտապատումը։ Շինարարության պատասխանատու Վարդան Չոլախյանի խոսքով, բակի ասֆալտապատումն ընթացքի մեջ էր, սակայն տևական անձրևները խանգարեցին դրան։ Շտապօգնության շենքի արտաքին հատվածի բարեկարգման աշխատանքները վերսկսվել են ապրիլի կեսերից։ Կառուցապատողի խոսքով՝ իրենց հաջողվում է ժամանակին ավարտել շինարարությունը, քանի որ ժամկետները հետաձգվել են եղանակային պայմանների պատճառով։ Այսօրվա դրությամբ պայմանագրի ավարտին մնացել է 34 օր։ Մի քանի փոփոխությունների արդյունքում ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ի սկզբանե վերջնաժամկետը լրանում էր 2024 թվականի ապրիլին։
«Կատարվել է ֆասադային մասը, ներքին հարդարման աշխատանքները, իսկ ասֆալտապատման աշխատանքներն ավարտման փուլում են։ Այն, որ ասֆալտապատումը չենք ավարտել, մեզնից կախված չէ։ Անձրևոտ եղանակ է: Ժամկետների առումով դրանք երկարաձգվել են, ամեն ինչ կարգին է։ Մենք բավական ժամանակ ունենք, բայց արդեն ավարտական փուլում ենք։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա սկզբին աշխատանքներն ամբողջությամբ կավարտենք»,- ասում է Վարդան Չոլախյանը։
Հիշեցնենք, որ Ախալքալաքում շտապօգնության նոր շենքի շինարարությունը սկսվել էր նախորդ տարվա օգոստոսի 3-ին։ Այն գտնվում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բակում՝ շտապօգնության հին շենքի դիմաց։
Նոր շենքի կառուցման մրցույթը հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Նախնական գումարը կազմել է 459 451 լարի, մրցույթը շահել է Ախալքալաքից անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը՝ 420 200 լարիի չափով։ Շտապօգնության շենքն ունի 150ք/մ մակերես, բակի հետ միասին ընդհանուր մակերեսը 233ք/մ-ից մի քիչ ավել է։
2019 թվականից Վրաստանում մեկնարկել է մինչև 300 կլինիկաների վերակառուցման, ավելի քան 100 նոր կլինիկաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման նախագիծը։ Այդ ժամանակ կառավարությունը 20 մլն լարի էր հատկացրել ծրագրի իրականացման համար, որն ընդգրկում է տարբեր մունիցիպալիտետներ, այդ թվում՝ Ախալքալաքը։
Ի սկզբանե Ախալքալաքում շտապօգնության շենք կառուցելու տեղ չէին կարողանում գտնել, ուստի նոր շենքի կառուցումը ձգձգվում էր։ Նշենք, որ նոր շտապ օգնության կենտրոնի շինարարությունը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։