Ջավախքում գիտակցում են վաղաժամ ամուսնության վտանգը, սակայն այստեղ դեռ արդիական է այս խնդիրը:

Ախալքալաքի շրջանի Կումուրդոյի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Մղդեսյան Դավիթը մտադիր է շարունակել ուսումը դպրոցից հետո:

«Վաղաժամ ամուսնությունը շատ վատ է, իմ ծնողները ինձ միշտ հորդորում են, որպեսզի լավ սովորեմ դպրոցում և հետագայում ուսումս շարունակեմ», – ասում է նա:

11-րդ դասարանի աշակերտուհի Դիաննա Քևնաքսզյանը ևս դեմ է վաղ տարիքում ամուսնանալուն:

«Վաղ ամուսնությունը իր հետ շատ խնդիրներ է բերում, մեր հասարակությունում նկատվում է դրական փոփոխություններ այդ ուղղությամբ: Մամաս ասում է, որ ամուսնանալը երբ ասես կլինի, կարևորը սովորելն է», – եզրափակեց նա։

Վաղաժամ ամուսնությունը` գրանցված կամ չգրանցված միություն է երկու անձանց միջև, որոնցից առնվազն մեկը դեռ անչափահաս է։ Ամբողջ աշխարհում 700 միլիոնից ավել անչափահաս աղջիկ է ամուսնացել, որից 250 միլիոնը 15 տարին չլրացած են եղել։ Ըստ տվյալների Վրաստանը 62-րդ հորիզոնականում է։

Վրաստանի արդարադատության և քաղաքացիական հավասարության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը և Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակը միասնական ուժերով անցկացնում են թրեյնինգ կուրսեր Ջավախքի գյուղերի դպրոցներում, որին մասնակցում են աշակերտները, ծնողները և ուսուցիչները։ Թրեյնինգի նպատակն է ինչքան հնարավոր է շատ տեղեկություն փոխանցել հասարակությանը վաղաժամ ամուսնության մասին։

Կիրովական գյուղից 15 տերեկան Դավիթ Ստեփանյանը ուզում է դառնալ տնտեսագետ:
«Վաղաժամ ամուսնությունը սխալ է, շուտ ամուսնանալով ոչ մեկ չի կարողանա շարունակել կրթությունը և աղջիկները փոքր հասակում դառնում են տան տնտեսուհիներ», – ասում է նա։

Նույն գյուղի աշակերտ Լուսինե Աբաջյանը չի բացառում, որ կարող է շուտ ամուսնանալ մեծ սիրո արդյունքում:
«Իհարկե սխալ է շուտ ամուսնությունը, սակայն, եթե ինչ-որ տղայի շատ սիրեմ, երևի գնամ նրա հետ, բայց միևնույն ժամանակ կգիտակցեմ, որ սխալ քայլ եմ անում», – ասում է նա։

Լուսինեի դասընկերուհի Սիրանուշ Աբաջյանը ասաց, որ նա կտրականապես դեմ է անչափահասների ամուսնությանը, և եթե իր շրջապատից ինչ-որ մեկը որոշի նման քայլի գնալ, ամեն ինչ կանի, որ նման սխալ թույլ չտան։

Այսօր Վրաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում վաղաժամ ամուսնությունները կանխելու համար։ Վրաստանի քրեական օրենսգրքի համաձայն այդ գործողությունը պատժելի է։ Մինչև 16 տարեկան երեխայի հետ չափահասի սեռական կապը/ամուսնությունը հանցանք է համարվում և պատժելի է Վրաստանի Քրեական օրենսգրքի համաձայն։

Առաջին անգամ վաղաժամ ամուսնության թեման Վրաստանում բարձրացվել է 2012 թվականին։ Հանրային պաշտպանի հորդորով 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Վրաստանի կողմից ընդունվեց կանոն-ծրագիր, ըստ որի 18 տարին չլրացած անձիք իրավունք չեն ունենա ամուսնանալու։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 16-19 տարեկան պատանիների ամուսնության թիվը 2002-2009թթ. եռապատկվել է, իսկ 2010-2011 թվականներին կրճատվել է, սակայն փոքր չափով։ Ամենաշատ անչափահաս ամուսնություններ գրանցվել են 2009 թվականին՝ 1271 տղա և 5596 աղջիկ։

Վրաստանի Քրեական օրենսգրքում նախատեսված է պատիժ նաև այն ծնողների համար, ովքեր երեխային իր կամքին հակառակ ամուսնացնում են։

Ջավախքում ծնողները համարում են, որ վաղաժամ ամուսնությունը կանխելու հարցում մեծ է ծնողի դերը:

Բավրա գյուղում ծնողներից մեկը, ում դուստրը սովորում է 11-րդ դասարանում համարում է.
«Վաղաժամ ամուսնությունը իր հետ բերում է բազում խնդիրներ, ես կարևորում եմ կրթություն ստանալու հնարավորությունը, շատ քիչ աղջիկներ են շարունակում կրթությունը ամուսնությունից հետո։ Ծնողի խոսքը միշտ շատ կարևոր է, ունենալով կյանքի մեծ փորձ յուրաքանչյուր ծնող, այս դեպքում մայր ծնողը պետք է խորհրդակցի իր աղջկա հետ, որպեսզի դեռահասության շրջանում սխալ քայլեր չանի։ Յուրաքանչյուր մարդու կյանքում ամուսնությունը կարևոր իրողություն է, բայց այն կարելի է իրականացնել կյանքի տարբեր շրջաններում, ոչ թե փոքր, անչափահաս ժամանակ», – ասում է նա։

Ըստ վիճակագրության Վրաստանում 13-17 տարեկան 115 աշակերտ ամուսնացել է 2016 թվականին, իսկ 408 աշակերտ 2015 թվականին։ 2015 թվականին 1149, իսկ 2016 թվականին 1278 անչափահաս ծնող են դարձել:

Գայանե Ակոջյան

Գլխավոր նկարը և տեսանյութը պատրաստել է UNICEF-ը