Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներն իրենց աշխատանքը հունվարի 15-ի փոխարեն կսկսեն հունվարի 22-ին։
Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով՝ մանկապարտեզի սաների համար սննդամթերքի գնման մրցութային գործընթացը ձգձգվել է, երկու անգամ որակազրկումներ են եղել։ Սրա պատճառով մանկապարտեզների աշխատանքի մեկնարկը հետաձգվել է մեկ շաբաթով։
«Մենք պայմանագիր կստորագրենք հունվարի 18-ին, հունվարի 19-ը ուրբաթ է, ուստի միանգամից կսկսենք երկուշաբթի օրվանից»,- Jnews-ի հետ զրույցում մեկնաբանեց նա։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 18 մանկապարտեզ, որից 3-ը՝ քաղաքում, մնացածը՝ գյուղերում։ 2 գյուղում՝ Կոթելիայում և Խանդոյում, մանկապարտեզներն այլընտրանքային են, այսինքն՝ աշխատում են կես օր և առանց սննդի։