Ախալքալաքի շրջանը, որը կարտոֆիլագործության հարուստ ավանդույթներ ունի, այս տարի, նախորդ տարվա համեմատ, կրճատել է կարտոֆիլի ցանքատարածությունները: Մունիցիպալիտետում գրեթե ամբողջությամբ ավարտվել է կարտոֆիլի ցանքսը։

Մոդեգամ գյուղի ներկայացուցիչ Արամայիս Չախալյանը նշում է, որ եթե անցատ տարի մեկ ու կես հեկտար կարտոֆիլ էր ցանել, ապա այս տարի ընդամենը մեկ հեկտար։

«Այս տարի գյուղացիները քիչ-քիչ նվազեցնում են կարտոֆիլի ցանքատարածությունները։ Օրինակ․ ես անցած տարի ցանել էի մեկ ու կես հեկտար, այս տարի ցանել եմ մեկ հեկտար։ Երկու տարի է արդեն գյուղացիները կարտոֆիլը ուղղակի թափում են, իմաստ չկա շատ ցանելու մեջ, բայց ինչ արած։ Եթե իրացման հարցը լուծվի, ապա գյուղացին կարող է ընդարձակել կարտոֆիլի ցանքատարածությունները»,- ասում է Մոդեգամ գյուղի ներկայացուցիչ Արամայիս Չախալյանը։

Մոդեգամում այս տարի մեծ չափսի կարտոֆիլը վաճառել են 0․60 թեթրիով, չեն հասցրել թանկ ժամանակ վաճառել, քանի որ ինչպես ասում է գյուղի ներկայացուցիչը՝ ձմռանը ճանապարհների վատթար վիճակի պատճառով գնորդներ չեն եղել։ Բանն այն է, որ գնորդներն ամենավերջինն են հասնում այս գյուղ, իսկ բնակիչները ստիպված հարմարվում են գնորդների առաջարկած գնի հետ։ Այս տարի Մոդեգամում ևս գյուղացին ստիպված է եղել չվաճառված կարտոֆիլը թափել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսարում կարտոֆիլի ցանքը գրեթե ավարտվել է, սակայն կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասցրել ցանել։

«Մեծ կարտոֆիլը գյուղում վաճառել են, իսկ սերմնացուն և միջին չափսի կարտոֆիլը չի վաճառվել։ Ինչքան որ, պետք է անասունների համար պահել են գյուղացիները, իսկ մնացածը թափել են։ Մեր գյուղում համեմատած անցած տարվա հետ, այս տարի մարդիկ ավելի քիչ են կարտոֆիլ ցանել»,- ասում է գյուղի ներկայացուցիչ Մուշեղ Ավագյանը։

Հարկ է նշել, որ քաղաքին ավելի մոտ գյուղերն ամբողջությամբ ավարտել են կատոֆիլի ցանքը։

Ընդգծենք, որ արդեն երկու տարի է Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի իրացման լուրջ խնդիր կա․ գյուղացին ստիպված տոննաններով կարտոֆիլը թափում է։