«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը կարծիքի տեղիք տվեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու համար։ Սակայն ի՞նչ գլոբալ գործընթացներ են կապված այն ամենի հետ, ինչ կատարվում է Վրաստանում, և ինչից պետք է խուսափել՝ այս և այլ հարցերի պատասխանում է Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, «Ռոնդելի» հիմնադրամի տնտեսական հարցերով փորձագետ Վլադիմիր Պապավան։
Վլադիմիր Պապավան իրար է կապում աշխարհում և Վրաստանում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների մասին» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի ընդունման հետ կապված իրավիճակը։
«Այս պահին, երբ աշխարհում տեղի է ունենում դիմակայական գլոբալիզացիա, երբ կան ընդդիմացող երկրներ, երբ իրական ռազմական գործողություններ են տեղի ունենում, յուրաքանչյուր երկիր փորձում է ամրապնդել ազգային անվտանգությունը, որը ժամանակակիցի, ազգային անվտանգության մտածողության հիմնական հատկանիշն է։ Ելնելով դրանից՝ ես թրենդային եմ համարում այնպիսի օրենքի ընդունումը, ինչպիսին այն օրենքն էր, որն ընդունվեց Վրաստանում։ Ներկայումս նմանատիպ օրենք են ընդունվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում և Ավստրալիայում։ Համենայն դեպս ես այդպես եմ կանխատեսում, նմանատիպ օրենք կընդունեն աշխարհի շատ երկրներ։ Վրաստանը, այսպես ասած, ժամանակից շուտ է գնացել այդ քայլին, քանի դեռ այս օրենքը չի հասունացել համաշխարհային մասշտաբով։ Ուստի, երբ ինչ-որ նոր բան է արվում, որոշ վրիպումներ ու սխալներ բացառված չեն»,- ասում է նա։
Կարծիք կա, որ Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող գործընթացները հակառակ սիմետրիկ են և ունեն նույն արմատը։
«Ես չեմ ուզում դավադրության տեսություն օգտագործել, բայց ով ամենից շատ շահագրգռված է անկայունությամբ Կովկասում, դա մեր հյուսիսային հարեւանն է։ Գլոբալ գործընթացներ են տեղի ունենում, կրկնում եմ՝ ակնհայտ է դիմակայական գլոբալիզացիան, երբ երկրները բաժանվում են տարբեր բլոկների՝ ով է աջակցում արևմտյան երկրներին, ով է աջակցում Ռուսաստանին, ովքեր են չեզոք երկրներ, և այս դիմակայական աշխարհում, իհարկե, կա անկայունություն, գլխավորն այն է, որ պատերազմ չլինի: Անկայունությունը, ըստ երեւույթին, ներկա իրավիճակի կողմնակի ազդեցությունն է: Ավելին, պետք է հաշվի առնել, որ այս տարի Եվրախորհրդարանում ամռանը շատ կարեւոր ընտրություններ են։ Հետո աշնանը կարևոր ընտրություններ են ԱՄՆ-ում, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրություններ։ Եվ շատ երկրներում ընտրություններ են, ուստի այս ընտրությունները մեծապես կորոշեն, թե ինչպես կփոխվի աշխարհը գլոբալ առումով 2025 թվականի սկզբից հետո»,- բացատրում է Վլադիմիր Պապավան։
Մինչ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքի նախաձեռնումն իշխող կուսակցությունն ուներ բնակչության մեծամասնության աջակցությունը։ «Վրացական երազանքի» վարկանիշն իջեցնող օրենքի ընդունումը Վլադիմիր Պապավան բացատրում է նրանով, որ իշխանությունները չեն կարող միշտ բարձրաձայնել իրական պատճառները։
«Կառավարությունը տվել է 3 հիմնական դրական էֆեկտ, առաջին՝ Վրաստանը ռազմական գործողությունների մեջ չներքաշվեց, երկրորդ՝ Վրաստանն ունեցավ քիչ թե շատ բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, և ամենակարևորը, որ Վրաստանը ստացավ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այս ֆոնին «Վրացական երազանքը» բացարձակ առավելություն ուներ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, ուստի «Վրացական երազանքի» շահերից ամենաքիչն է բխում հենց այս բողոքի ակցիաները և այն, ինչ հիմա կատարվում է Վրաստանում, իսկ իրականում ի՞նչ է կատարվում: Որպես էկոնոմիկայի նախկին նախարար, ով 6 տարի կառավարությունում է եղել, հիշում եմ, որ որոշակի տեղեկություններ կային, երբ մեր կառավարությունը չէր կարող այդ մասին բարձրաձայն խոսել, և այդ մասին անուղղակի էին խոսում։ Ելնելով իմ անձնական փորձից՝ կարծում եմ, որ ներկայիս իշխանությունն էլ ունի որոշակի տեղեկություններ, որոնց մասին չեն կարող բարձրաձայն խոսել, համենայնդեպս այս մասին մի քանի անգամ ասվել է։ Արտաքին քաղաքական կուրսը փոխել սկզբունքորեն անհնար է: Քանի որ Սահմանադրության մեջ սա ամրագրված է, ապա դա պահանջում է Սահմանադրության փոփոխություն։ Ժողովրդավարական հասարակությունում միշտ կա բողոք արտահայտելու հնարավորություն, ուստի կարծում եմ, որ գլխավորն այն է, որ բռնություն չլինի թե՛ ցուցարարների, թե՛ իշխանության կողմից։ Իսկ բողոքը նորմալ գործընթաց է ժողովրդավարական հասարակություններում»,- ասում է նա։