Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանին կներկայացնի կառավարության գործունեության վերաբերյալ իր տարեկան զեկույցը:
Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ 151 էջանոց զեկույցն արտացոլում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, հակամարտությունների լուծումը և մարդու իրավունքները, տնտեսական զարգացումը, սոցիալական քաղաքականությունը, մարդկային կապիտալի զարգացումը և պետական կառավարումը:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Անա Նացվլիշվիլիի խոսքով, վարչապետի հետ կապված բազմաթիվ հարցեր էին կուտակվել: Նա ասաց, որ իրենք հարցեր կունենան համաճարակի կառավարման վերաբերյալ:
«Վարչապետի հետ կապված շատ հարցեր են կուտակվել: Իմ կողմից, կլինեն հարցեր համաճարակի կառավարման վերաբերյալ, և հարցեր կլինեն նաև Գելաթի վանական համալիրի վերաբերյալ, որը շատ ծանր վիճակում է: Մինչ այժմ պետության կողմից թափանցիկ հաղորդակցություն չի եղել այն մասին, թե ինչ է արվում Գելաթին փրկելու համար: Կա շատ կցկտուր հաղորդակցություն և կիսատ տեղեկատվություն», – ասել է Անա Նացվլիշվիլին:
Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միքանաձեի խոսքով, հիմնական խնդիրը, որի վրա այսօր կենտրոնանալու են «Վրացական երազանքի» անդամները, կորոնավիրուսն է: Նրա խոսքով, իշխող թիմը վարչապետի հետ հարցեր կունենա տնտեսական մարտահրավերների վերաբերյալ:
«Կառավարությունը, խորհրդարանը, ամբողջ թիմը, իշխանությունը համախմբված էին՝ արձագանքելու համաճարակի մարտահրավերներին: Ես ուզում եմ ձեզ ասել, որ թիմը գլուխ հանեց: Առավելագույնն արվել է այն բանի համար, որ ովքեր որոշակի կորուստներ են ունեցել բիզնեսի առումով կամ կորցրել են իրենց աշխատանքը, պետությունը հնարավորինս կանգնած է այդ մարդկանց կողքին: Հնարավորինիս տրվել են որոշակի էական փոխհատուցումներ՝ մարդու կյանքի, առողջության, բարեկեցության և հետագա զարգացման համար: Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս մեկ տարին մեզ ցույց տվեց, թե որքան կարևոր է համակարգել աշխատանքը պետական կառույցների միջև, որքան կարևոր է մեկ թիմ լինելը, քանի որ հակառակ դեպքում այս համաճարակի պայմաններում շատ դժվար կլիներ հաղթահարել մարտահրավերները, որը ծառացած էր երկրի և հասարակության առջև:
Հիմա իրավիճակն այս առումով շատ ավելի լավն է, ինչը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել տնտեսությունը և այն չափանիշները վերականգնելու համար, որոնք ունեինք թեկուզ մի քանի տարի առաջ և բավականին լավ նշագիծ ունեինք: Կարծում եմ, որ այս առումով մենք զգալի առաջընթաց կունենանք մինչև տարեվերջ», – ասել է Գիվի Միքանաձեն: