Այսօր՝ հոկտեմբերի 18 -ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում, ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով, ևս 3 հանրային դպրոց անցան հեռավար ուսուցման: Ընդհանուր առմամբ, շրջանի 9 դպրոց աշխատում է հեռակա կարգով:
Այսօր՝ հոկտեմբերի 18 -ին, Ախալքալաքի թիվ 3 դպրոցը (վրացական դպրոց) և Ալաստան ու Վարևան գյուղերի դպրոցները փակվել են կորոնավիրուսի պատճառով: Դասերը շարունակվում են առցանց: Դպրոցները փակվում են 12 օրով:
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում հեռավար աշխատում են հետևյալ հանրային դպրոցները՝ թիվ 1 դպրոց (Թումանյանի անվան), թիվ 2 (ռուսական դպրոց), թիվ 3 (վրացական դպրոց), թիվ 4 (Դեմիրճյանի անվան), ինչպես նաև Սուլդա, Վաչիան, Ալաստան, Մաջադիա և Վարևան գյուղերի դպրոցները: Այսօրվանից շենքային պայմաններում աշխատանքները վերսկսել է Աբուլ գյուղի դպրոցը, որը հոկտեմբերի 4 -ից աշխատում էր հեռավար կարգով:
Համավարակի պայմաններում Վրաստանում դպրոցները բացվել են հոկտեմբերի 4 -ից, սակայն դրանք աշխատում են ճկուն ռեժիմով, կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պարագայում դպրոցը 12 օրով անցնում է հեռավար ուսուցման: