Մայիսի 22-ին Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում (Դեմիրճյանի անվ.) նշվեց ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։
Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի ուսուցչուհի Նանուլի Հունանյանը և դպրոցի տարբեր դասարանների աշակերտները կազմակերպել էին ազգությամբ հայ, ծագումով ախալցխացի, ֆրանսիահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը։ Երեխաները պատմեցին նրա ծնողների ճակատագրի մասին, այն մասին, թե ինչպես են նրանք հասել Ֆրանսիա Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո։ Այն մասին, թե ինչպես է հաջողության հասել շանսոնյեն, ով է օգնել նրան դժվարին ճանապարհին։ Աշակերտները երգեցին նրա երգերը ֆրանսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, պարեցին նրա եբրայերենով երգերի տակ:
«Միջոցառումը նվիրված է Շառլ Ազնավուրին: Նախաձեռնությունը պատկանում է ինձ, մենք մեծ սիրով պատրաստվել ենք գրեթե մեկ ամիս: Այսօր շանսոնյե, երգահան, երգիչ, ինչու չէ, նաև հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն է»,- ասաց Նանուլի Հունանյանը։
Ազնավուրը ոչ միայն ֆրանսիացի ամենասիրված երգիչներից էր, այլև հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչ, ով իր երգերում հաճախ արտացոլում էր իր ժողովրդի պատմությունն ու մշակույթը։ Նրա երաժշտությունը իսկական կամուրջ է դարձել տարբեր մշակույթների միջև՝ միավորելով մարդկանց ամբողջ աշխարհում:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականին Փարիզում, հայ գաղթականների ընտանիքում։ Նրա իսկական անունն է Շահնուր Վաղինակի Ազնավուրյան։ Նա ամբողջ աշխարհում հայտնի է իր տաղանդի ու խարիզմայի շնորհիվ։
Ազնավուրն իր կարիերան սկսել է 1940-ականների վերջին և շուտով հայտնի է դարձել որպես երգահան և կատարող։ Նրա երաժշտական ոճը՝ համատեղելով շանսոնի, փոփ երաժշտության և կաբարեի տարրերը, գրավել է միլիոնավոր մարդկանց սրտեր։ Նրա ամենահայտնի երգերից են՝ «La Bohème», «Hier Encore» («Yesterday When I Was Young»), «She», «For me… Formidable» եւ շատ ուրիշներ։
Բացի երաժշտական կարիերայից, Ազնավուրը նկարահանվել է նաև ֆիլմերում և խաղացել թատերական բեմերում։ Նա եզակի արտիստ էր, ով ոչ միայն հոյակապ ձայն ուներ, այլև խորը երաժշտական ու դերասանական ունակություններ։ Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականին՝ անմոռանալի հետք թողնելով համաշխարհային մշակույթի պատմության մեջ։