«Մենք հենց այսօր պետք է սկսենք արտադրել բոլոր տեսակի զենք, բացառությամբ միջուկայինի, մենք դա կարող ենք անել»,- այս մասին Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է խորհրդարանի չորս կոմիտեների միավորված նիստին ելույթ ունենալու ժամանակ:
Դրա հետ մեկտեղ, պաշտպանության նախարարի թեկնածուն հայտարարել է, որ իր հիմնական երազանքը Վրաստանում ռազմական արդյունաբերության վերածնունդն է:
«Հիմնական հարցերից մեկը պարտադիր զինվորական ծառայության բարեփոխման ավարտն է, որը սկսել էր իմ գործընկեր Լևան Իզորիան, և դա մենք կհասցնենք ավարտին, երկրորդ հարցը մեր զինվորականների պայմաններն են: Ես հիմնական ուշադրությունը կդարձնեմ, կարգապահության, նրանց սննդի, սարքավորումների, սպառազինության, նրանց կենսապայմանների և սոցիալական պայմանների վրա, կլինի դա աշխատավարձերի բարձրացում, առողջապահական փաթեթներ և այլն: Ես մշտական կապի մեջ կլինեմ և վերահսկելու եմ, որ մեր ռազմակայաններում լինեն ժամանակակից, համաշխարհային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ: Երրորդը, ցանկանում եմ ընդգծել իմ երազանքը, իմ երազանքն է ռազմական արդյունաբերության վերածնունդը», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Պաշտպանության նախարարների թեկնածուն շեշտեց, որ ռազմական արդյունաբերության զարգացումը լինելու է իր գերակայությունը:
2010 թվականից ի վեր Վրաստանում գործում է մեկ ռազմական գործարան՝ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոն: Արտադրանքը համատեղում է վեց հետազոտական ինստիտուտներ և Թբիլիսիի ավիացիոն գործարանը, և վերահսկվում է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից: Մի քանի տարի է, ինչ Delta-ն իր արտադրանքը արտահանում է արտասահման:
Այսօր կենտրոնում արտադրվում են մարտական մեքենաներ, ականանետեր, նռնականետեր, մարտական ունիվերսալ մոդուլներ, անօդաչու սարքեր, ատրճանակներ, հրացաններ, խլացուցիչներ, մարմնի զրահ, սաղավարտներ և հատուկ սարքավորումներ: