Ջավախքում հարսանիքների սեզոնն է, երիտասարդները, ովքեր ամուսնանում են «փրկվում» են անվերջ կրկնվող հարցերից. «Ինչո՞ւ դեռ չես ամուսնացել», «Շուրջ բոլորդ չե՞ս նայում», «Բա երբ ենք հարսանիքիդ քեֆ անելու»… Ինչ են ասում այդ հարցերից հոգնած երիտասարդները, և ինչպիսին է հարսանեկան սեզոնն Ախալքալաքում:
Ջավախքում ամռանը գրեթե անհնար է լսել ու տեսնել հարսանեկան ամբոխի ուրախ երգն ու պարը, քանի որ այստեղ հարսանիքներ լինում են միայն ձմռան ամիսներին։ Տարածաշրջանում երիտասարդ տղաները հիմնականում բացակայում են գարնանը, ամռանը և աշնանը: Ձմռան նախաշեմին, վերադառնալով արտագնա աշխատանքից, ոմանք ամուսնանում են իրենց սիրելի աղջկա հետ, ոմանք էլ գնում են աղջիկ ուզելու՝ ավանդույթով պահպանված «պատգամ» տարբերակով։ Որքան էլ զարմանալի թվա, բայց ջավախքյան հարսանիքների մեծամասնությունը իրականանում է պատգամի միջոցով։
Կարինե Մնացականյանը Ախալքալաքի շրջանից է(հերոսների անունները իրենց իսկ ցանկությամբ փոխված են): Նա այլևս ստիպված չէ պատասխանել անվերջ կրկնվող հարցերին, Կարինեն վերջերս նշանվեց և պատրաստվում է իր հարսանիքին: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ ու դյուրին չէր։
«Մինչև նշանվելս բազմիցս եմ անհանգստացել, նեղսրտել և հարազատներիս բացատրություններ տվել, թե ինչու տվյալ թեկնածուին չեմ հավանում, կամ էլ ընդհանրապես ինչու չեմ ամուսնանում։ Նման դեպքերում հարազատների արձագանքը առավել դաժան է, քան օտար մարդկանց իրենց տուն հարս տանելու ցանկությունը։ Չէ որ տարիքս էլ «արդեն այն չէ»՝ շուտով դառնում եմ 25 տարեկան, որը ի դեպ ևս տարածաշրջանում նշանակում է, որ կամ տանն ես մնացել, կամ էլ մի խնդիր և պատճառ ունես չամուսնանալու համար»։
Կարինեն արդեն ազատվելով չամուսնացած երիտասարդի «բեռից» ծիծաղելով պատմում է մերժված խնամախոսության մասին.
«Մինչև խնամախոսների գնալը ականջակալներով նստում էի իմ սենյակում, այդ անգամ նույնպես իմ սենյակում երաժշտություն էի լսում, երբ դուռը բացվեց և մայրիկս եկավ ինձ համոզելու, որ տղայի հետ խոսեմ, ես բնականաբար բարկացա և ձայնս նաև լսելի եղավ հյուրերին։ Տղայի հորեղբայրը ասաց, որ ոչինչ ստիպողաբար չէ: Վերջում նա ավելացրեց, ինչ արած, ձեր աղջիկը չուզեց, գոնե դուք որպես գյուղի մարդ ասեք՝ գյուղում էլ ով ունի պսակելու աղջիկ։ Այնուհետև մի շաբաթ անց գյուղում լուր տարածվեց, որ պսակվել է գյուղի աղջիկներից մեկը, իսկ տղան նույն այն տղան էր, ում հորեղբայրը պսակվող աղջիկ էր փնտրում»։
Երիտասարդի խոսքերով տարիքը, ծնողների ճնշումներն ու հարևանների բամբասանքը միայն խանգարում են տեղի երիտասարդներին լսելու իրենց սրտի ձայնն ու առաջնորդվելու իրական, անկեղծ զգացմունքներով: Բարեբախտաբար Կարինեն արդեն մի քանի տարի է շփվում էր մի երիտասարդի հետ, ով արդեն նրա նշանածն է։
Ոչ պակաս դժվար է լինել երիտասարդ չամուսնացած տղա:
Արմենը ամուսնանալու վերաբերյալ խոսակցություն լսելուց անկախ իրենից ագրեսիվ է դառնում։
«Այն միտքը, որ ընտանիքի մեծ տղան եմ, տարիքս արդեն մեծ է ու այս ձմեռ պարտադիր պսակվելու եմ, արդեն լսում եմ հինգ տարի։ Ընտանիքի անդամներ, մոտիկ բարեկամներ, ինձ լավություն անել ցանկացող ծանոթներ, ահա իմ ամուսնությամբ շահագրգիռ անձիք, ովքեր առանձին-առանձին ունեն իրենց պարտականությունները։ Ընտանիքի անդամները ստիպում են, բարեկամները համոզում, իսկ ծանոթները պսակվելու ենթակա աղջիկներ փնտրում։ Այս ամենի մասին կարելի է կատագերգություն նկարել, բայց երբ բաց աչքերով եմ նայում իրավիճակին ուղակի անընդունելի է», – պատմեց Արմենը։
Նա բավականին համառ է և այսպես ասած աղջիկ տեսնելու չի սիրում գնալ։ Նա որպես օրինակ պատմեց ընկերոջ պատմությունը:
«Ստիպված գնում է աղջիկ տեսնելու, կարելի է ասել ծնողների խաթր։ Աղջկա տուն են գնում, հարմար տեղավորվում, մեծերը սկսում են խոսք բացել, իսկ ամբողջ ընթացքում ընկերս ֆեյսբուքով ինձ է գրում։ Իմ այն հարցին, թե՞ արդյոք աղջիկը սիրուն է, նա պատասխանեց՝ այ լավ հիշեցրիր, հիմա նայեմ, որն է աղջիկը, կասեմ։ Մեր այդ խոսակցությունը նրանց գնալուց կես ժամ անց էր։ Այս դեպքը գուցե որպես կատակ ընդունեք, բայց իրականությունն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք չէ երիտասարդներին ստիպողաբար տանել աղջիկ տեսնելու, եթե նա ցանկանա ամուսնանալ, հաստատ ինքը կգտնի այն աղջկան և ավելի շուտ, քան ծանոթ բարեկամները»։
Խնամախոսության գնացած երիտասարդ պոտենցիալ փեսացուներից մի քանիսը միգուցե միայն կես ժամ անց հետաքրքրվեն պոտենցիալ հարսնացույի տեսքով, սակայն շատերը հետաքրքրվում են և արդյունքում՝ երջանիկ ավարտ՝ հարսանիք:
Ամուսնությունների սեզոնը սկսվում է դեկտեմբերրից, առավել ակտիվանում հունվար և փետրվար ամիսներին և շարունակվում մինչև մարտ ամիս։
Այս ամիսներին հերթերի գոյացման ենթակա վայրերն են. հարսանյաց սրահները, վարսավիրանոցները, հարսանյաց դահլիճները և, բնականաբար, եկեղեցին։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց՝
«Հունվար և փետրվար ամիսներին գրեթե ամեն օր լինում է պսակադրության արարողություն։ Այժմ, համեմատած անցած տարիների, երբ շատ գյուղերում գոյություն չուներ օծված եկեղեցիներ, ավելացել է նաև գյուղերի եկեղեցիներում կատարվող պսակադրությունների քանակը։ Զարմանալի է բայց ամռան ամիսներին պսակադրություն առհասարակ կարելի է ասել չի լինում, միայն անցած ամառ էր, որ պսակադրության երկու դեպք եղավ, ինչը մեզ համար բավականին զարմանալի էր»։
Գոյություն ունեցող դրական և բացասական կողմերով հանդերձ իրականությունը այսպիսին է, որը Ջավախքում սովորական է, և ջավախքցի երիտասարդները դժգոհ համակերպվում են, գուցե հոգու խորքում գիտակցելով դրա ազդեցությունն ու հետևանքները, լուռ ծիծաղելով՝ չստացված պատգամների և սրտանց ուրախանալով ստացված պատգամների համար։
Ջուլիետա Տոնականյան