Մայիսի 13-ին, Թբիլիսիում տարբեր համալսարաններից ուսանողները միացան խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարների խմբին: Նրանք շարունակում են դասադուլը և պահանջում են կառավարությունից վերանայել իրենց որոշումը՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։
Ուսանողները բողոքի երթի ընթացքում երգում էին Վրաստանի հիմնը և միաձայն վանկարկում էին՝ «Ո՛չ ռուսական օրենքին», «ու՞ր ենք գնում՝ Եվրոպա»:
Բողոքի երթին միացել էին տարբեր համալսարանների ուսանողներ, տարբեր ֆակուլտետներից: Նրանք մասնագիտական թեմատիկայով պաստառներ էին պատրաստել և միասնական ներկայացնում էին իրենց պահանջը՝ նշելով, որ չեն մասնակցելու դասերին:
Միջազգային հարաբերությունների 4-րդ կուրսում սովորող Մաիկո Մամիսբեդաշվիլին Jnews-ի հետ զրույցում նշեց.
«Մեր համալսարան գնալու և դասերին մասնակցելու նպատակն այն է, որ ստանանք լավ կրթություն և մեր ստացած պրոֆեսիոնալ գիտելիքները օգտագործենք պրակտիկայում։ Բայց իրականում մեր ստացած կրթությունը ոչ մի տեղ չենք կարողանա օգտագործել, եթե այս օրենքն ընդունվի։ Ընտրության առաջ ենք կանգնած՝ դասի գնալ, թե՞ մասնակցել ցույցերին, կարծում եմ, որ ակցիաներին ներկա գտնվելն ավելի կարևոր է, որ հետագայում էլ մեր դասի գնալն իմաստ ունենա և ապրենք Եվրոպական Վրաստանում, այլ ոչ Ռուսաստանի ինչ-որ մարզ դարձած վայրում, որտեղ մեր մասնագիտական ունակությունները ոչ ոքի չեն հետաքրքրի և ոչ էլ իրավունք կունենանք այն օգտագործել»:
Ուսանողներից շատերը նաև հյուրասիրություն էին կազմակերպել ցույցին մասնակցող մարդկանց համար: