Վրացական ներկրողների տեղեկացմամբ, մոտ ապագայում սառեցված մսամթերքի գինը Վրաստանում կբարձրանա: Այս մասին հաղորդում է Թբիլիսիի «Ռեզոնանս» թերթը:
Արտասահմանյան շուկաներում 1 տոննա միսը հազար դոլարով թանկացել է, դրա պատճառով էլ տեղական շուկայում էլ է սպասվում թանկացում: Սառեցված մսի` խոզի և տավարի մսի գինը կհասնի 10-12 լարի (3-4 դոլար), ճիշտ այդքան արժե Վրաստանում թարմ մսի մեկ կիլոգրամը: Այս պահի դրությամբ մեկ կիլոգրամ սառեցված միսն արժե 8 լարի (մոտ երեք դոլար):
Ներմուծողները վստահ են, որ գնաճը վատ կանդրադառնա իրացման գործընթացին: Ըստ գործարարների՝ իրավիճակից միակ ելքն այն է, որ հարկերը ազատականացվեն և նրանք կոչ են անում կառավարությանը կրճատել սակագները:
«Մենք բարդ իրավիճակում ենք հատնվել: Միսը մշտապես թանկանում է, ամեն գնումի ժամանակ մենք վճարում ենք այլ գին: Անընդհատ աճող տենդենցն ակներև է: Մեկ տոննա մսի գինն արդեն հասել է 2,6 հազար դոլարի, սակայն դեռ վերջերս այն հնարավոր էր գնել 1,6 հազար դոլարով… Մենք ակնկալում ենք, որ վրացի սպառողը սառեցված մսի համար 3-4 լարիով ավելի կվճարի: Այս պահին սառեցված միսն արժե 8 լարի, բայց մենք չենք կարողանա այդ գինը պահպանել», – հատրարարել է Թբիլիսիի «Դու» մսամթերք ներմուծող և մատակարարող ընկերության տնօրեն Դավիդ Գոգիչաիշվիլին:
«Ունիվերսալ 2012» ընկերությունը հայտարարում է, որ մսի արժեքն ամեն օր աճում է: Լարիի փոխարժեքի անկայունությունը լուրջ նույնպես խնդիրներ է առաջացնում տեղական ընկերությունների համար, ուստի նրանք չեն կարողանում նույն գինը պահպանել:
Վրաց սպառողները ակտիվորեն օգտագործում են սառեցված միս: Ռեստորանները, սննդի կետերը և կիսաֆաբրիկատներն օգտագործում են հենց ներմուծված միսը: Պատճառը դրա ցածր գինն է:
Ըստ սննդամթերքի գծով մասնագետ Լիա Կվարացխելիայի, ռեստորանները միշտ փորձում են թաքցնել, որ սառեցված միս են օգտագործում, բայց ճաշատեսակները հիմնականում պատրաստվում են հենց դրանով:
Կվարացխելիան չի բացառում, որ մսի գնի բարձրացման պատճառով Վրաստանի բնակչությունն այս մթերքը կգնի ավելի հազվադեպ կամ ավելի քիչ:
Վրաստանի բնակչությունը տարեկան 55 հազար տոննա միս է օգտագործում, որից կեսից ավելին ներմուծվող ցածրորակ արտադրանք է: Հիմնականում սառեցված մսի պահանջարկը ձմռանն է, քանի որ այդ շրջանում թարմ մսամթերքը շատ չէ:
Նյութը «Նորություններ Վրաստան»-ի