Ամեն տարի Ախալքալաքի բյուջեն կատարվում է ոչ լրիվությամբ և տարեցտարի փոխանցվող մնացորդային գումարը ավելանում է: 2017 թ. փոխանցվեց 7 406 883,8 չծախսված լարի :
2015-2016 թվականին Ախալքալաքի շրջանային բյուջեի փոխանցվող գումարը կազմել է 1 764 315,79 լարի, իսկ 2016-2017 թվականին այն կազմում է 7 406 883,8 լարի։
Ախալքալաքի շրջանը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք լուծելու համար պահանջվում են միջոցներ, և զարմանալի են շրջանի բյուջեի նման խնայողությունները։
Չծախսված և 2017 թվականի բյուջե փոխանցված գումարի, այսինքն՝ 7 406 883,8 լարիից 1 464 912-ը պայմանագրային շարունակվող աշխատանքների համար է, իսկ 107 643,38 լարին կենտրոնական բյուջեից շարունակվող ծրագրերն են: Էլեկտրոնային մրցույթների արդյունքում խնայված գումարը կազմում է՝ 185 590,74 լարի: Գումարը, նախատեսված որոշ ծրագրերի համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կատարվել, փոխանցվել է 2017 թվական և կազմում է 267 500 լարի: 2016 թվականի օգոստոսի 5-ին Ախալքալաքի Շրջանային Ժողովի թվով 20 որոշման համաձայն, բյուջեով նախատեսված նախագծերի համար հատկացված 2 668 000 լարին տեղափոխվել է 2017-ն իրականացնելու համար: Տարածաշրջանային զարգացման ֆոնդից (2 800 000 լ) փոխանցված գումարը կազմում է 300 000 լարի: Իսկ բյուջեի ազատ մնացորդային գումարը կազմում է 2 413 226,37 լարի, որը հնարավոր է ծախսել 2017-ին թվականին:
Ախալքալաքի Վարչության նախագահը պարզաբանում է բյուջեով հատկացված, սակայն ինչ-ինչ պատճառներով չծախսված գումարների վերաբերյալ:
«Հիմա Վարչությունը ծրագրեր է մշակում, որոնք նախատեսվում է իրականացնել բյուջեի մնացորդային գումարով և շուտով կտեղեկացնենք այդ մասին: Ազատ գումար է մնացել, քանի որ էլեկտրոնային մրցույթ չի հայտարարվել: Հետո էլ, եթե ուզենայինք իրականացնել չէինք հասցնի, որովհետև ժամանակը քիչ էր, կան տարբեր պատճառներ, որոնց համար էլ բյուջեն ամբողջությամբ չենք իրականացրել»,- ասաց Ախալքալաքի Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը:
Իսկ ահա, ըստ Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահ՝ Համլետ Մովսիսյանի բյուջեի չծախսված գումարների հիմնական պատճառը հանդիսանում են եղանակային պայմաններն ու արոտավայրերեից գանձվող գումարները, որոնք բյուջե են մտնում հիմնականում տարեվերջ:
«Օրինակի համար մենք նախատեսել ենք ասֆալտապատման, ջրագծերի անցկացման, ինչ որ շինարարության համար և եղանակային պայմանների, էլեկտրոնային մրցույթի հայտարարման հետ կապված խնդիրներ են լինում: Արոտավայրերից և այլ տեղերից ստացած եկամուտները հիմնականում բյուջե են մտնում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և դա առաջացնում է բյուջեի կուտակում, դրա համար գումարը հավաքվում է և տեղափոխվում հաջորդ տարվա բյուջե»,- պարզաբանեց Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահը:
Հարկ է նշել, որ եթե Ախալքալաքի տեղական բյուջեից կուտակված գումարը հնարավոր է տեղափոխել հաջորդ տարի, ապա պետական հատկացումները պետական բյուջե են վերադարձվում:
«Ցավը նրանում է, որ ամեն տարի նույնը կրկնվում է: Անցած տարի էլ պատգամավորներս քննադատեցինք, որ մոտ 1 700 000 լարի էր մնացել բյուջեում, սա միայն տեղական բյուջեից, իսկ պետական ֆոնդից այս տարի 1 մլն-ից ավելի մնացել է, որը չես ծախսում պետությունը հետ է վերցնում: Այս տարի միայն տեղական բյուջեում իրենց ներկայացրած թվով 2 մլն-ից ավելի է մնացել, սա ընդամենը տեղական բյուջեից: Ինչի արդյունք է սա՞, ընդամենը չաշխատելու, ուրիշ ոչինչ: Հասկանում եք, օբյեկտիվ պատճառ կարող է հանդիսանալ միայն բնական աղետն ու պատերազմը, այնինչ երկուսն էլ չի եղել մեր մոտ: Ինչու՞ այդքան ասֆալտ կիսատ է մնացել, ինչու՞ չեն վերջացրել, եթե տենդերը հայտարարում են սեպտեմբերին իհարկե չեն հասցնի, չեմ կարող հասկանալ ինչն է խանգարում, որ ապրիլին հայտարարեն: Ընդամենը աշխատել է պետք: Բյուջեն հաստատելուց առաջ պետք է ունենանք բոլոր կատարվելիք աշխատանքների նախագծերը, իսկ մենք չունենք»,- ասաց Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը:
Աղունիկ Այվազյան