Ախալքալաքի Շրջանային ժողովի բյուրոյի նիստի ժամանակ քննարկվեց «Հայրենասերների դաշինք» խմբակցության կողմից առաջադրված հարցը բանկերի բարձր տոկոսադրույքների և վարկառուների անելանելի իրավիճակի մասին: Որոշվեց հարցը չտեղափոխել Ժողովի լիագումար նիստ, բայց գտնել խնդրի լուծման այլ տարբերակ:
Օրեր առաջ Ախալքալաքի Սակրեբուլոյի «Հայրենասերների դաշինք» խմբակցությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, որով պահանջում է, որ Սակրեբուլոն քննարկի և նախագիծ մշակի բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ: Նաև համապատասխան խնդրանքով Սակրեբուլոն դիմի Կառավարությանը:
«Ժողովրդի մոտավոր 70-80 տոկոսը տառապում է բանկերից վերցրած վարկերի ձեռքը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլոր գյուղերում այս խնդիրը բարձրացրել են: Հենց ժողովրդի խնդրանքով մենք նախագիծ մտցրեցինք Սակրեբուլո, որ խնդիրը քննարկենք և կարողանանք Սակրեբուլոյի որոշմամբ հարցը բարձրացնել կառավարության առջև, որպեսզի բանկերի օրենքի մեջ փոփոխություններ մտցվի, որ գոնե մի քիչ կարողանանք բարելավել ժողովրդի սոցիալական պայմանները», – ասաց «Հայրենասերների դաշինք» խմբակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը:
Ախալքալաքի Սակրեբուլոյի Իրավաբանական հանձնաժողովը բարձրացված խնդրի շուրջ ընդլայնված քննարկում իրականացրեց, որին մասնակցեցին Ախալքալաքում գործող երեք տարբեր բանկերի ներկայացուցիչները, ընդդիմության պատգամավորները և հանձնաժողովի անդամները: Իրավաբանական հանձնաժողովի նախագահը «Հայրենասերների» կողմից առաջ քաշած հարցի հետ համամիտ է և գտնում է, որ բանկերի վարկային քաղաքականությունը զսպող ինչ որ չափորոշիչներ պետք է մշակվի: Որովհետև մարդկանց մեծամասնությունն այսօր վարկերի պատճառով զրկվում է սեփական տներից և հայտնվում փողոցում:
«Եթե մարդը բանկից 1000 լարի է վերցնում, իրեն ձեռքը տալիս են 860 լարի, այսինքն 140 լարի ինչ-որ վճարումների է գնում: Ես որպես իրավաբանական կոմիսիայի նախագահ դեկլարացիա եմ գրել և հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկված և հնչեցված յուրաքանչյուր կարծիք գրավոր ներկայացրել եմ Բյուրոյի քննարկմանը: Ես ինքս կողմ եմ այս հարցադրմանը, որովհետև շատ մարդիկ այսօր խնդիրներ ունեն բանկերի հետ կապված: Իմ կարծիքով խնդիրն այն է, որ մարդիկ բանկի կողմից տրվող պայմանագիրը չեն կարդում, ուղղակի ստորագրում են, որ գումարը վերցնեն: Հետագայում կանգնում են մեծ խնդիրների առաջ, մինչև անգամ տներն է աճուրդի հանվում», – տեսակետ հայտնեց Ախալքալաքի Սակրեբուլոյի Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Սիփան Շիպակցյանը:
Ի վերջո, դեկտեմբերի 27-ին Սակրեբուլոն Բյուրոյի նիստի ժամանակ դեմ քվեարկեց նախագծին, արդյունքում հարցը չհասավ Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ: Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահը ևս տեղին է համարում բարձրացված հարցը, առաջարկեց մեկ կամ մի քանի հոգու անունից, կոնկրետ դեպքերը ներկայացնելով նամակով դիմեն Ազգային բանկին:
«Հարցը հիմա Ժողովի քննարկմանը չի գնա, հետո կտեսնենք ինչ բովանդակությամբ նամակ կգրենք Վրաստանի ազգային բանկին, հասկանանք ինչ մեխանիզմներ է հնարավոր կիրառել, որպեսզի թեթևացնենք ժողովրդի վիճակը: Թող դաշինքը մի քանի հոգու ներկայացնի, ովքեր տուժել են բանկերից, որի հիման վրա կարողանանք ընթացք տալ գործին: Հիմա իմաստ չունի հարցը դնել Սակրեբուլոյի նիստի քննարկման»,- ասաց Ախալքալաքի Ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Վրաստանի բանկերի կողմից վարկավորվող ոլորտների մեծ մասին տրվող վարկերի կազմում գերիշխում են արտարժույթային վարկերը: Արտարժույթային տատանումներից խուսափելու համար քաղաքացիներին ավելի ձեռնտու է լարիով վարկ վերցնելը, սակայն մյուս կողմից էլ բանկերի համար ավելի շահավետ է արտարժույթով վարկ տալը, քանի որ վերջիններիս՝ դրսից ստացած վարկային միջոցները արտարժույթով են:
Վարկային պորտֆելում արտարժույթի գերիշխումը նշանակում է, որ բանկերը նախընտրում են արտարժույթային ռիսկերը թողնել վարկառուների ուսերին: Այդ ռիսկայնությունը պարզ երևում է գյուղատնտեսության ոլորտին տրված վարկերի օրինակով, քանի որ գյուղացիների եկամուտները հիմնականում դրամով են, բայց այս ոլորտի վարկավորման մեծ մասը կատարվում է դոլարով:
Վերջին տարիներին բնակչության համար բանկերից վարկ ստանալը համեմատաբար հեշտացել է։ Կան բանկեր, որոնք միայն անձանգրի հիման վրա վարկ են տալիս: Վե հենց վարկերի տրամադրման գործընթացի պարզեցումները, մի շարք այլ հանգամանքների հետ միասին նպաստում է, որ տարիների ընթացքում բանկային համակարգի վարկային պորտֆելն աճ է գրանցում:
Աղունիկ Այվազյան