Ախալքալաքի մունիցիպալիտետի, Սուլդա գյուղի բնակիչներն իրենց մեքենաներում միշտ ջրի տակառներ են պահում, որպեսզի դրանք ջուր լցնեն ու տուն բերեն։ Այստեղ, մարդիկ երկար տարիներ է, երազում են ծորակից հոսող խմելու ջրի մասին։ Արդեն 2-3 տարի է բնակիչները սպասում են խնդրի լուծմանը։ Եվ հիմա նրանք այդ սպասումների մեջ են։

Գյուղում կա 150 տնտեսություն, բայց ժամանակին այստեղ ավելի շատ մարդ է ապրել։ Նորմալ պայմանների բացակայության պատճառով բնակիչները տեղափոխվում են այլ քաղաքներ և երկրներ։

Սուլդա գյուղը խմելու ջրով ապահովելու համար մունիցիպալիտետը երեք տարվա ընթացքում ծախսել է 2 517 649 լարի։ 2022-2023 թվականներին Դադեշ-Սուլդա գյուղի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար տեղական բյուջեից ծախսվել է 1,291,195 լարի, նախագիծը կավարտվի այս տարի։ Տարածաշրջանային հիմնադրամը 2023 թվականին ջրամբարի և խողովակաշարերի համար ծախսել է 1 212 895 լարի։ Անցյալ տարի Սուլդա գյուղի «Օգնություն գյուղին ծրագրի» (ՕԳԾ) գումարը՝ 13 559 լարի, նույնպես ծախսվել է ջրամատակարարման համակարգի վերականգնման վրա։

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1993 թվականին, շարքից դուրս էր եկել Սուլդա գյուղի հիմնական ջրամատակարարման համակարգը, որը գյուղն ապահովում էր խմելու ջրով։ Սուլդա գյուղի բնակիչները խմելու ջուր ստանում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղից։ Պոմպի միջոցով ջուրը մղվում էր Դիլիֆ գյուղ, այնտեղից ջուրը ինքնահոսով հոսում էր Սուլդա գյուղ։ Սուլդայի ջրամբարից ջուր բաժանվում էր գյուղի չորս ուղղություններով։ Յուրաքանչյուր ուղղությամբ 30-ից 40 տուն կա։ Չնայած այն հանգամանքին, որ այդ տարիներին Սուլդայի բնակիչները խմելու ջուրը ստանում էին ժամանակացույցով, սակայն բնակիչներն այն, միևնույն է, ունեին։ Այժմ խմելու ջուրը բերում են հարևան գյուղերից, հիմնականում՝ Վաչիանից։ Բայց ոչ բոլորն են կարող իրենց դա թույլ տալ գյուղում՝ միայնակ ծերերն ու ընտանիքները, որոնք մեքենա չունեն: Գյուղում մի աղբյուր կա, որը հոսում է բարակ ծորով, բայց այս ջուրը խմելու, աղբյուրի ջուր է։

Ջրամատակարարման համակարգի խափանումներից հետո Սուլդա գյուղի բնակիչներն իրենց միջոցներով սարերից 8 կմ երկարությամբ նոր ջրագիծ են կառուցել, որի կեսը՝ մոտ 4 կմ-ն անցնում է սահմանամերձ բնակավայրերով։ Ջրամատակարարման այս հատվածին մոտենալու համար անհրաժեշտ է սահմանապահներից թույլտվություն ստանալ։ Այս ջուրը արտեզյան չէ, այն գալիս է լեռներից, ինքնահոսով, բաց վիճակում և, հետևաբար, խմելու համար պիտանի չէ։ Բայց այդ պղտոր ջուրը բնակիչները նույնպես ստանում են գրաֆիկով։ Ձմռանը ջուրը սառչում է, գարնանը և աշնանը կեղտոտ է լինում, հատկապես, երբ ձյունը սկսում է հալվել և սկսվում են անձրևները։ Ջուրը պիտանի չէ խմելու համար և բնակիչները օգտագործում են կենցաղային նպատակներով։

2022-2023 երկամյա ծրագրից հետո, որի համար տեղական բյուջեով հատկացվել է 1.291.195 լարի, ջրամբարների և խողովակաշարերի Տարածաշրջանային հիմնադրամից կառուցումից հետո, որը հատկացրել է 1.212.895 լարի՝ Սուլդայի բնակիչները պետք է ապահովված լինեին խմելու ջրով, սակայն անցած տարի մրցույթում հաղթած ընկերությունը չկարողացավ ավարտին հասցնել աշխատանքները, այն տեղափոխվեց այս տարի: Նրանք պետք է եռաֆազ էլեկտրամատակարարման համակարգ անցկացնեին Դիլիֆ գյուղի ջրամբարում՝ պոմպերը շահագործելու համար։ Ինչպես պարզաբանում են պատասխանատուները, աշխատանքներն անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգվել են մինչև այս տարի, քանի որ այն պետք է կատարվեր ձմռանը, և եթե ձմռանը ջուրը միացնեին, ու, եթե ինչ-որ բան այն չլիներ, ջրի հետ կապված խնդիրներ առաջանային, ապա պոմպերը, ամենայն հավանականությամբ, կսառչեին: Քաղաքապետարանն այսպես է բացատրել աշխատանքների հետաձգումը մինչ այս տարի:

Այս աշխատանքներն իրականացնում է «MC Group» ՍՊԸ-ն: Այս ջրագծի երկարությունը 2700 մ է։

Աշխատանքներն իրականացվել են երկու փուլով՝ 2022 թվականին ծախսվել է 257 400 լարի, 2023 թվականին՝ 1 033 795 լարի։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի օգոստոսի 31-ին։

Եռաֆազ էլեկտրամատակարարման համակարգ տեղադրելուց հետո արդեն կարելի է ջուրը մղել Դադեշ գյուղ, այնուհետ ջուրն ինքնահոսով կհոսի Սուլդա։

Բնակիչները անհամբեր սպասում են դրան:

«Մեր գյուղում խմելու ջուր չունենք, իսկ ջուրը, որը տրվում է ըստ գրաֆիկի, պղտոր է և խմելու համար ոչ պիտանի։ Ձնհալի ժամանակ ջուրն աղտոտվում է։ Ձմռանը ջուրը գրաֆիկով է, ամռանը, հունիսից ընդհանրապես ջուր չկա։ Խմելու ջուրը բերում ենք Վաչիանից»,- ասում է Սուլդա գյուղի բնակիչ Վաղին Կարոյանը։

Բնակիչներն ասում են, որ գյուղի յուրաքանչյուր բնակչի մեքենայի մեջ ջրի տակառ կա։

Բնակիչ Արմեն Մարաբյանը մտավախություն ունի, որ ջրատարը, որով ջուրը պետք է հոսի Դադեշից Սուլդա, վնասվել է, և նորից խնդիրներ կլինեն։

«Եռաֆազ հոսանք տեղադրելուց հետո դեռ էլի կասկածում եմ, որ ջուրը մեզ կհասնի, ջրախողովակները հին է, վնասված են, ծակեր կան, դրանք էլ պետք է փոխվեն, 1965 թվականին է կառուցված, ինչպես կարող են նորմալ լինել, վնասված են նաև ջրագծի խողովակները, որոնցով հիմա մեզ կեղտոտ ջուր է գալիս»,- ասում է Արմեն Մարաբյանը։

Բնակիչ Գառնիկ Մուսիկյանը կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ գյուղի տակ միայն խողովակներ են։

«Միայն ջուր են անցկացնում, բա էլ որտեղ ծախսեն փողերը»,- ասում է նա։

Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանն ասաց, որ հենց եղանակը թույլ տա՝ կշարունակեն աշխատանքները։

«Եռաֆազ էլեկտրաէներգիայի անցկացման աշխատանքները կսկսվեն։ Խողովակները նորմալ են։ Մասնագետները ստուգել են, ասացին՝ նորմալ է, մոտ 200 մետր բացել նայել են։ Մենք կտեղադրենք փականներ և կանցկացնենք եռաֆազ հոսանք։ Մնացել են միայն այս աշխատանքները։ Աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբեր։ Հուսով ենք, որ ջրագիծը կաշխատի, Աստված մի արասցե՝ չաշխատի: Մենք դեռ պետք է լուծենք պոմպի վճարման հարցը։ Միգուցե ՏԻՄ-ն իր վրա վերցնի այս հարցը, մենք դեռ պիտի լուծենք նաև այս հարցը։ Գլխավորն այն է, որ համակարգն աշխատի»,- ասաց Զարզանդ Կուջոյանը։

Եթե համակարգը նորմալ աշխատի, ապա Սուլդա գյուղի բնակիչներին խմելու ջուրը կրկին կմատակարարվի ժամանակացույցով, քանի որ այն մշտական ջրամատակարարման համար չի բավարարում։