Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում բնակիչներն իրենք են կազմակերպում կենցաղային աղբի հեռացումը: Գյուղում աղբարկղեր չկան: Գյուղի կենտրոնում գտնվող տաղավարի կողքին աղբ է կուտակվել, բնակիչներն իրենք դժգոհ են դրանից, բայց հակառակ պատկերին չեն էլ նպաստում:
Երեկ՝ հուլիսի 14-ին, Դիլիսկա գյուղում տեղի ունեցավ ենթակառուցվածքային նախագծերի հանրային քննարկում: Քննարկումները տեղի ունեցան ակումբի շենքի մոտ, գյուղի տաղավարին հարող տարածքում: Տաղավարի մի կողմում մեծ քանակությամբ աղբ էր կուտակվել, և, ամենայն հավանականությամբ, այդ աղբը կուտակվել էր երկար ժամանակվա ընթացքում: Դիլիսկա գյուղում, այդ թվում և գյուղի կենտրոնում՝ տաղավարի մոտ, աղբարկղեր չկան:
Երբ Jnews- ը լուսանկարեց տաղավարի մոտ հավաքված աղբը, գյուղացիները վրդովվեցին, շատերն ասում էին, որ այդ լուսանկարները չհրապարակվեն: Այնուամենայնիվ, կային նաև այնպիսիք էլ, ովքեր ցանկանում էին հրապարակել այս լուսանկարները: Բնակիչներն ասացին, որ իրենք աղբը կհավաքեն և արդարացան, որ աղբարկղեր չկան, ուստի աղբը կուտակվում է:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում ավելի քան 4 տարի է աղբահանությունը կազմակերպվում է բնակիչների կողմից: Յուրաքանչյուր ընտանիք ամսական 4 լարի է վճարում աղբահանության համար, տրակտորիստը անձամբ է աղբավճարը հավաքում, ով էլ հենց զբաղվում է աղբահանությամբ: Շաբաթ և կիրակի օրերին տրակտորը շրջում է գյուղով և բնակիչների աղբը հավաքում:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասում է, որ հնարավոր է Դիլիսկա գյուղում աղբարկղեր տեղադրվեն:
«Նրանք իրենք են կազմակերպում գյուղում աղբահանությունը: Դիլիսկայում աղբամաններ չկան, մենք չունեինք, որ դնեինք: Արդեն մեկ շաբաթ է, ինչ նոր աղբարկղեր ենք ստացել և դեռ չգիտենք, թե որտեղ ենք դրանք դնելու: Մենք ունենք աղբն աղբարկղերից հավաքող մեքենաների պահանջ: Միգուցե այս գյուղում էլ աղբարկղեր դնենք », – ասաց Արմեն Բիչախչյանը: