Jnews-ը զրուցել է փիլիսոփա և քաղաքագետ, Իլիայի պետհամալսարանի պրոֆեսոր ու Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման Կովկասյան ինստիտուտի նախագահ Գիա Նոդիայի հետ՝ Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացների, Պետական անվտանգության ծառայության հայտարարության, աշխարհաքաղաքական շրջադարձի և շատ ավելիի մասին։
Վերջերս պետական պաշտոնյաներն ու նրանց համախոհները տեղեկություն էին տարածել, որ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ակցիաների են գնում միայն ԼԳԲՏ համայնքի կողմնակիցները և տարածում են լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում ցուցարարները ցուցադրվում են «անհաճո» քողի ներքո։ Երեկ սոցցանցերում «Երազանք»-ի կողմնակիցները սկսեցին վիրուսային կերպով տարածել «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային, այո՛ թափանցիկությանը» պաստառ, ինչո՞վ են պայմանավորված նման փոփոխությունները։
– ԼԳԲՏ քարոզարշավն ավելի նախընտրական մեթոդ էր, նրանք համարեցին, որ ձեռնտու է այս թեման բարձրացնել, իբրև իրենք ավանդական արժեքների կողմնակիցներ են։ Բայց «ռուսական օրենքն» ավելի ռազմավարական նախագիծ է, քանի որ դա նշանակում է համակարգված ճնշում անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ, և, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական կուրսի փոփոխություն, քանի որ Արևմուտքը թշնամի է հայտարարվում։ Այսպիսով, այս օրենքն ինքնին շատ ավելի կարևոր է։
Ի՞նչ է նշանակում Պետական անվտանգության ծառայության վերջին հայտարարությունը, որում ամեն ինչ միախառնված է, Ուկրաինայում կռվող վրացիները և հատուկ ջոկատայինների վրա հարձակումը և շատ ավելին։
– Սա Իվանիշվիլիի պարանոյան է, ի սկզբանե, իշխանության առաջին իսկ օրերից նա ասում էր, որ Սաակաշվիլին հեղաշրջում է ուզում, հեղափոխություն, և այդ շարժառիթՆ անընդհատ կրկնվում էր։ Ըստ երևույթին, Իվանիշվիլին իսկապես սևեռուն գաղափար ունի, որ Արևմուտքը ցանկանում է հեղափոխություն կազմակերպել Վրաստանում, հեղաշրջում տեղի քաղաքացիական հասարակության օգնությամբ, ուստի Իվանիշվիլին ուղիղ տեքստով արտահայտվեց այս օրենքի միջոցով: Եվ ահաբեկումը, իհարկե, բոլոր չափանիշներով ընթանում է։ Կառավարությունը ինչ-որ սև ցուցակ ի ցույց կհանի, ֆեյսբուքում ինչ-որ բաներ լայքած մարդկանց անուններ կհրապարակի: Մարդկանց տուն են զանգում ու հայհոյում, ուստի իշխանությունն օգտագործում է ահաբեկման բոլոր մեթոդները։
«Երազանք»-ը տեղեկատվական արշավներին սոցիալական ցանցերում ներգրավում է ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ մունիցիպալ կառույցների ներկայացուցիչներին: Երեկ տարածված վերջին պաստառի դեպքում այս քարոզարշավին ավելի շատ մարդ էր ներգրավված, քան նախկինում, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։
– Բողոքի մասշտաբները (խմբ. օրինագծի դեմ ցույցերը) ավելի մեծ էր, քան նրանք կարծում էին։ Գործողությունների ընթացքում նրանք հնարում են ինչ-որ նոր գործողություններ և, հավանաբար, էլի ինչ-որ բան կհորինեն:
Կարելի՞ է կանխատեսումներ անել՝ խորհրդարանը, այնուամենայնիվ, կընդունի այս օրենքը, թե ոչ։
– Կանխատեսումներ անելը շատ դժվար է, բայց երևի հիմա այնպես են իրենց պահում, որ ուզում են այս օրենքն ընդունել։ Ամեն դեպքում, շատ դժվար կլինի նրանց հետ պահել այս օրենքի ընդունումից, թեև ոչինչ բացառել չի կարելի։ Բայց եթե անգամ այս օրենքն ընդունեն, լարվածությունը դեռ կպահպանվի։
Ինչպես օրինագծի հակառակորդները, այնպես էլ եվրոպական կառույցների բազմաթիվ առանցքային ներկայացուցիչներ ասում են, որ Վրաստանը հեռվանում է Եվրոպայից և փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը։ Իշխանությունները պնդում են, որ չեն ցանկանում երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Ինչպե՞ս հասկանալ այս ամենը։
– Ես իրականում չեմ կարող ասել, թե ինչին է հավատում Բիձինա Իվանիշվիլին, ինձ թվում է, որ նա իսկապես հավատում է գլոբալ պատերազմի կուսակցության գաղափարին, որ Արևմուտքի կողմից գաղտնի գործողություններ կան, և որ նրանք ցանկանում են ներքաշել Վրաստանը պատերազմի մեջ։ Սա, իհարկե, կատարյալ անհեթեթություն է, բայց նա հավանաբար հավատում է դրան։ Մարդիկ երբեմն ևս հավատում են անհեթեթությանը։ Իհարկե, Եվրամիությունը որոշակի պատասխան քայլեր կձեռնարկի։ Շփումները կկրճատվեն։ Որովհետև դրանք շատ դեմոնստրատիվ գործողություններ են Վրաստանի կողմից և բնական է, որ Եվրամիությունը կարձագանքի։
Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները կազդե՞ն «Վրացական երազանքի» վարկանիշի վրա։
– Մենք դեռ չենք տեսել որևէ հարցման արդյունք, որը հաշվի առնի այդ բողոքները և օրենքի նկատմամբ վերաբերմունքը։ Այսպիսով, դեռ վաղ է դատողություն անել այս մասին, բայց բնական կլիներ ենթադրել, որ ինչ-որ ազդեցություն կլինի, բայց դեռ չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ինչ: