«Վրացական երազանք»-ը հրապարակել է Թբիլիսիում անցկացված ներկուսակցական սոցիոլոգիական հարցման արդյունքները, որի համաձայն, եթե վաղը տեղի ունենային ՏԻՄ ընտրություններ, հարցվածների 47,7%-ը կաջակցեր «Վրացական երազանք»-ին, իսկ 25,2%-ը` «Միասնական ազգային շարժմանը»:

Հարցման արդյունքները ներկայացրել է իշխող թիմի պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն:

Հարցման արդյունքների համաձայն, եթե Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններն անցկացվեին վաղը, հարցվածների 60,1%-ը իր ձայնը կտար Կախա Կալաձեին, իսկ 29,2%-ը` Նիկանոր Մելիային:

«Սոցիոլոգիական ուսումնասիրության դաշտային աշխատանքներն իրականացվել են օգոստոսի 21-ից 25-ը ներառյալ` անմիջական հարցումների մեթոդով: Ուսումնասիրության շրջանակներում հարցվել է 2 958 հոգի, որոնցից հարցվածների 79,2%-ն անվանել է իր նախընտրած կուսակցությունը: Սխալման շեմը 3% է:

Հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե ՏԻՄ ընտրությունները տեղի ունենային վաղը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. «Վրացական երազանք»-ին՝ 47,4%-ը, «Միասնական ազգային շարժմանը»՝ 25,2%-ը, «Գիրչի. Ավելի շատ ազատություն»-ին՝ 4.9%-ը, «Հանուն Վրաստանի» կուսակցությանը` 4,7%-ը, «Քաղաքացիներ»-ին` 3.2%-ը, «Լելո»-ին՝ 2.4%-ը, «Հայրենասերների դաշինք»-ին՝ 1,9%-ը, «Եվրոպական Վրաստան»-ին՝ 1,8%-ը, «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ին` 1,7%-ը, «Գիրչի»-ին՝ 1,1%-ը, «Լեյբորիստական կուսակցությանը»` 0.7%-ը, «Միացյալ Վրաստան» ին՝ 0,7%-ը, այլ կուսակցություններին` 4,3%-ը:

Այս տվյալների համաձայն, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամների 40 մանդատները կուսակցությունների միջեւ բաշխվում են հետեւյալ կերպ. «Վրացական երազանք»՝ 22 մանդատ, «Ազգային շարժում»՝ 12 մանդատ, «Գիրչի. Ավելի շատ ազատություն», «Հանուն Վրաստանի» և «Քաղաքացիներ»՝ 2-ական մանդատ:

Հետևաբար, եթե ընտրություններն ավարտվեն նման արդյունքներով, «Վրացական երազանք»-ի և Կախա Կալաձեի թիմը կստանան կայուն մեծամասնություն Թբիլիսիի Սակրեբուլոյում, այդ թվում` մեծամասնականները:

Ներկայացնում ենք նաև Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների սահմանված վարկանիշները: Հարցին, թե թեկնածուներից ո՞ւմ կքվեարկեիք, եթե Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները կայանային վաղը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. Կախա Կալաձե` 60.1%, Նիկանոր Մելիա՝ 29.2%, այլ թեկնածուներ` 10.7%:

Ինչպես տեսնում եք, ըստ հետազոտության արդյունքների՝ Կախա Կալաձեն կհաղթի առաջին իսկ փուլում՝ մեծ առավելությամբ: Մենք հույս ենք հայտնում, որ չնայած թույլ ընտրական աջակցությանը, արմատական ընդդիմությունը կունենա բավականաչափ խոհեմություն և չի դիմի սադրանքների և ապակառուցողական գործողությունների, որոնց վրաց հասարակությունը բազմիցս ականատես է եղել գրեթե բոլոր նախորդ ընտրություններին: Մենք նաեւ հույս ենք վերապահում, որ ընտրությունները հետաձգելու մասին խոսակցություններին վերջ կտրվի», – ասել է Սարջվելաձեն: