Զատկական տոների նախաշեմին Վրաստանում ստուգումներ են անցկացվում ձվի ու մսի վաճառակետերում՝ սպառողների շահերը պաշտպանելու նպատակով։ Այս մասին ասվում է Վրաստանի Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ։
«Քանի որ մոտենում է Սուրբ Զատկի տոնը, գործակալությունը ակտիվորեն ստուգում է տեղական և ներմուծվող ձվերը, միսը և այլ պահանջարկ ունեցող պարենային ապրանքները», – հայտնում են Սննդի գործակալությունից:
Բնակչությանը հորդորում են արագ փչացող ապրանքները գնել միայն կազմակերպված առևտրի պայմաններում՝ այն օբյեկտներում, որտեղ պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմերը և պահպանման պայմանները։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ մսի պահպանման ժամկետը 48 ժամ է 7-ից 10 աստիճան ջերմաստիճանում։
Կարևոր է, որ տարբեր ծագման միսը (խոշոր եղջերավոր անասուն, ոչխար, խոզ, այծ) սառնարանում պետք է առանձին պահվի։ Առանձին պահվում է նաև տարբեր երկրներից ներկրվող միսը։
Ձվերը կարող են վաճառվել ածման օրվանից 21 օրվա ընթացքում։ Եթե ձուն պահվում է 0-ից 10 աստիճան ջերմաստիճանում, այն կարելի է օգտագործել 1 ամսվա ընթացքում։