«Վրաստանի արևմտյան հետագիծը վտանգի տակ է», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Այստեղ նաև նշում է, որ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք հիմք են հանդիսանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և վտանգ են ներկայացնում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին։

«Միացյալ Նահանգները դատապարտում է Կրեմլի կողմից ներշնչված «Oտարերկրյա ազդեցության» օրենքը, որն ընդունվել է Վրաստանի խորհրդարանում, և կեղծ տեղեկատվությունը պետական պաշտոնյաներն օգտագործում են այն պաշտպանելու համար…

Իշխող կուսակցության անդամները հստակ հայտարարել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատական ձայները և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը ցանկացած ժողովրդավարական երկրում կարևոր դեր է խաղում կառավարության վերահսկողության մեջ:

Այս օրենքը և «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել են վտանգավոր ուղու վրա… Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում այն արտաքին օգնությունը, որը մենք տրամադրել ենք Վրաստանին 32 տարի՝ Վրաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու կարողությունն ամրապնդելու համար, խաթարում են ամուր հարաբերություններ, որոնք մենք կառուցել ենք Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ։

Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրանց լսելի լինելու իրավունքը։ Մենք դատապարտում ենք խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը։ Խաղաղ հանրահավաքները և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից»,- ասված է հայտարարության մեջ։