Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, այս տարի նախկին 15-րդ զինվորական ավանի տարածքում կհայտնվի զբոսայգի, սակայն այնտեղ կան ապօրինի տեղադրված տասնյակ վագոններ և կրպակներ, Jnews-ին Ախալքալաքի քաղաքապետարանից պարզաբանել են, թե ինչ է լինելու դրանց հետ։

Աղմաշենեբելի փողոցում մի քանի վայրերում բնակեցված բազմահարկ շենքեր կան։ Քաղաքի այդպիսի տարածքներից է, այսպես կոչված, 15-րդ գորոդոկը։ Տեղացիներն այս տարածքն այդպես են անվանում, քանի որ ժամանակին խորհրդային տարիներին այս վայրում էր գտնվում բանակը, խորհրդային բանակի դուրսբերումից հետո այդ բնակարաններում ապրում են քաղաքացիական անձինք, Ախալքալաքի բնակիչներ։ Երկար ժամանակ ուշադրություն չէր դարձվում «15-րդ գորոդոկին», քանի որ տարածքի մի մասը պատկանում է Վրաստանի Պաշտպանության նախարարությանը։ Բնակիչները դժվարությամբ են հասել իրենց ճանապարհների ու բակերի ասֆալտապատմանը։ Դե իսկ հիմա, անցյալ՝ 2023 թվականին, նրանց անունից Ախալքալաքի քաղաքապետարանը գրավոր խնդրանք է ստացել՝ բազմահարկ շենքերի բակում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար ժամանցի վայր կառուցելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի էր դարձել 2023 թվականի վերջին, Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի հաստատման ժամանակ նախկին թիվ 15 զինվորական ավանում նախատեսվում է Աղմաշենեբելի փողոցում կառուցված զբոսայգու նման այգի կառուցել, Ախալքալաքի ոստիկանության շենքից ոչ հեռու՝ փոքր-մարզադաշտով, մարզասարքերով, արահետներով և այլն։ 2024 թվականի բյուջեում դրա համար հատկացված է 300 հազար լարի։ Այս պահին հարթակը բաղկացած է մի քանի ժանգոտված զուգափայտերից և վագոններից, կրպակներից և ավտոտնակներից։

Ինչպես հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից, ապօրինի տեղադրված այս բոլոր վագոնները, կրպակները և ավտոտնակները կհեռացվեն տարածքից։

«Այդ վագոնիկներն այնտեղից կհանվեն։ Էլի այլ գործընթացներ էլ կան: Պետք է նախագիծ կազմվի: Բնակիչները գիտեն, որ այդ վագոնիկներն այնտեղից հանվելու են։ Երբ մենք ուսումնասիրում էինք տեղանքը նախագծի համար, բնակիչները եկան, և երբ իմացան, շատ ուրախացան: Ամբողջ տարածքը կմաքրվի»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։