Այսօր՝ ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիում «Գործակալների օրենքի» աջակցության հանրահավաք անցկացրեց։ Ըստ տեղեկությունների մարդկանց մեծ մասին գումար են առաջարկել մասնակցելու համար, Jnews-ը չի գտել վստահելի աղբյուր, որը դա կհաստատեր, սակայն դրա վառ ապացույցն այն է, որ Jnews-ի երկու աշխատակցին ևս առաջարկել են գումարի դիմաց մասնակցել այսօրվա ցույցին:

Այսօրվա հանրահավաքին, ի տարբերություն նախորդող ցույցերին, մեծ թվով մասնակիցներ էին եկել շրջաններից, այդ թվում՝ Ջավախքից: Չնայած իշխող կուսակցության ներկայացուցիչների բազում հայտարարությունների՝ թե իբր ոչ ոքի չեն ստիպել մասնակցել ցույցին և բոլոր ներկաները միմիայն իրենց կամքով են ներկա գտնվել, սակայն շատ մասնակիցներ են փաստում, որ ցույցին մասնակցել են իրենց կամքին հակառակ:

Jnews-ի լրագրողների հետ դեպքը տեղի է ունեցել ցույցին նախորդող օրերին, երբ նրանց հետ կապ է հաստատել մեսենջերով տեղացի մի ծանոթ, պետական սեկտորի աշխատակից և առաջարկել գումարի դիմաց մասնակցել «Գործակալների օրենքի» աջակցության հանրահավաքին, առաջարկել է նաև ցանկության դեպքում իր հետ տանել այլ անձանց, ում ևս կտրամադրվեր գումար։ Այն բանից հետո, երբ լրագրողը ճշտելու համար հարցրել է, թե արդյո՞ք իրեն առաջարկում են գումարի դիմաց դառնալ ցույցի մասնակից, աշխատակիցը փոխել է առաջարկի ձևակերպումը ասելով, թե այդ գումարը պարզապես սննդի համար են հատկացնում: Երկրորդ լրագրողին սննդի մասին խոսք չի ասվել:

Jnews-ի լրագրողները իհարկե հրաժարվել են առաջարկից, նույնիսկ վիրավորվել։ Սակայն այս դեպքը առիթ է հանդիսացել հասարակության շրջանում ուսումնասիրություն անցկացնել, պարզելու համար թե ինչ մասշտաբների են հասնում այսպիսի առաջարկները։ Մենք կապ հաստատեցինք մարդկանց հետ, ովքեր այսօր շրջանից գնացել են մայրաքաղաք և մասնակցել ցույցին։ Հաշվի առնելով նրանց անվտանգության և գաղտնիության իրավունքը, մենք չենք նշի նրանց ինքնությունը:

Այսպիսով, մեզ հետ զրույցում մասնակիցները հիմնականում նշում են, որ իրենց տրամադրված գումարի չափը կազմում է 30-35 լարի, ճանապարհածախսը հոգացել է կառավարությունը, իսկ մասնակիցներից շատերը գաղափար անգամ չունեն, թե որն էր հավաքի բուն նպատակը: Որոշ գյուղերում առաջարկել են 25 լարի։

Jnews-ը շարունակում է ուսումնասիրությունները։