Երկրորդ օրն է՝ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բակում, կանացի հիվանդությունների անվճար ախտորոշում է իրականացվում։
Ախալքալաքում մեկնարկել է «Կանանց առողջության ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և ջատագովում» ծրագրի երկրորդ փուլը, որը ներառում է ծառայությունների մատուցում և տարբեր ուսումնասիրություններ 25-70 տարեկան կանանց համար:
Ծրագիրն իրականացվում է «Քաղաքացիական հավասարության հարթակ» և «Generation I» հասարակական կազմակերպությունների կողմից։ Այս նախագծի շրջանակներում առաջին փուլում նախատեսվում էր իրականացնել տեղեկատվական հանդիպումներ, իսկ երկրորդ փուլում՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի, վահանաձև գեղձի հետազոտություն, PAP թեստ(արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման մեթոդ: Տվյալ հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել հիվանդությունը մինչև կլինիկական ախտանիշների ի հայտ գալը. քաղցկեղը զարգանում է 10-15 տարվա ընթացքում, որին նախորդում է հատուկ վիճակ՝ խմբ. արգանդի վզիկի դիսպլազիա):
«Կանանց առողջության ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և ջատագովում» ծրագիրն իրականացվում է Սամցխե-Ջավախքում, մասնավորապես Ախալցիխեում, Ախալքալաքում և Նինոծմինդայում: Այս պահին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում գործում է պետական շարժական սքրինինգ-կենտրոն, որը մատուցում է բժշկական ծառայություններ՝ մամոգրաֆիա, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), մամմոլոգի խորհրդատվություն, գինեկոլոգի խորհրդատվություն և PAP թեստ։ Վահանաձև գեղձի հետազոտությունը հանվել է այս երկու օրվա անվճար մատուցվող ծառայությունների ցանկից, սակայն, հարկ է նշել, որ պետական ծրագրի համաձայն՝ կանայք կարող են օգտվել այս ծառայությունից անվճար, բայց Թբիլիսիի սքրինինգ-կենտրոններում։
Թբիլիսիից ժամանած մասնագետները միայն ախտորոշման առաջին օրը՝ ապրիլի 24-ին, մամոգրաֆիկ սարքով (մամոգրաֆ) հետազոտել են 87 կնոջ, տարբեր տարիքի 70 կանանց PAP թեստ է արվել։
«Կանանց առողջության ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և ջատագովում» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի կողմից՝ ԱՄՆ Միջազգային գործերի գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Այս ծրագիրը գործում է արդեն 2 տարի Քվեմո Քարթլիի շրջանում, որի շրջանակներում իրազեկվել է 1500 կին և ավելի քան 500 կին ստացել է սքրինինգային ծառայություն։ Առաջին տարում հետազոտվել է ավելի քան 400 կին, որոնցից 38-ի մոտ ախտորոշվել են արգանդի վզիկի խնդիրներ, տարբեր պաթոլոգիաներ և տարբեր կարգի քաղցկեղ, իսկ 8 կնոջ մոտ՝ կրծքագեղձի 4-րդ կարգի քաղցկեղ՝ անախտանիշ ընթացքով: 2023 թվականին հետազոտվել է մոտ 120 կին, և 10%-ի մոտ ախտորոշվել են տարբեր բարդության առողջական խնդիրներ։