Վրաստանում, ինչպես նաև Ախալքալաքում արդեն գիրպի վիրուսը սկսում է «բույն» դնել, մասնագետները գրիպից խուսափելու միակ ելքը պատվաստումն են համարում։ Ախալքալաքի առողջապահության կենտրոնում արդեն ստացել են գրիպի դեմ պատվաստանյութը, երկուշաբթի օրվանից համապատասախան խմբերը կարող են պատվաստվել։
Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասաց, որ դեռ ստացել են անվճար պատվաստումները։
«Ստացել ենք պատվաստանյութը եւ երկուշաբթի օրվանից կսկսենք պատվաստումը, ինչպես մեր կլինիկայում, այնպես էլ գյուղի բուժքույրերը կկատարեն։
Գրիպի դեմ պատվաստումը անվճար է ուսուցիչների, բժիշկների և խոցելի խմբերի համար, ինչպիսիք են դիալեզ ստացողները, շաքարային դիաբետ ունեցողները և այլն, ինչպես նաև 60-ից բարձր տարիքի անձիք», – ասաց Սիրանուշ Տոնականյանը։
Վճարովի պատվաստումների արժեքը որոշում է կլինիկան, բայց ներկա դրությամբ վճարովի ոչ ոք չի կարող պատվաստվել Ախալքալաքի կլինիկայում, հիմա միայն անվճարները կարող են անել։ Գումարով կարող են պատվաստվել Թբիլիսիում։
Սիրանուշը նշում է՝ գրիպի պատվաստումը կարող են կատարել հոկտեմբերից մինչև նոյեմբերի վերջ, որպեսզի իր ազդեցությունը թողնի։
Գրիպը սուր շնչական վարակ է, որը հարուցվում է օրթոմիքսովիրուսներով և հաճախ բերում է էպիդեմիկ և պանդեմիկ տարածման։ Գրիպին բնորոշ է փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, կարճ ինկուբացիոն շրջանը, սուր սկիզբը, արտահայտված ինտոքսիկացիան, շնչուղիների, մասնավորապես շնչափողի ախտահարումը։ Հարուցիչը հանդիսանում է Օրթոմիքսովիրուսը, որը ՌՆԹ պարունակող վիրուս է և ունի 3 սերոտիպ՝ A, B և C։ Ամենից կարևոր նշանակություն ունի A սերոտիպը, որը հանդիսանում է էպիդեմիաների հիմնական պատճառ և պաթոգեն է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ B և C սերոտիպերը պաթոգեն են միայն մարդկանց համար։ C-ն հիմնականում առաջացնում է սպորադիկ հիվանդացություն։