Ախալքալաքի սպասարկման կենտրոնը մունիցիպալիտետի 64 գյուղից 61 -ում աղբահանություն է իրականացնում: Աղբամաններ տեղադրված չեն միայն Բուզավեթ, Թախչա և Կոկիո գյուղերում: Ախալքալաքի սպասարկման կենտրոնը մունիցիպալիտետի գյուղերում կավելացնի աղբամանների քանակը, և կսկսի որոշ գյուղերից, որոնք ամբողջությամբ կապահովվեն աղբամաններով, աղբահանման վճար հավաքել։
Այս փուլում սպասարկման կենտրոնը աղբահանության վճար է հավաքում 18 գյուղում և Ախալքալաքում։
Բուզավեթ, Թախչա և Կոկիո գյուղերում տեղադրված չեն ոչ փոքր, ոչ էլ մեծ աղբաման։ 5,5 խ/մ տարողությամբ խոշոր աղբարկղ տեղադրվել են Խավեթ, Աբուլ, Բեժանո, Ազավրեթ, Ալաստան, Խանդո և Օլավերդ, Մեծ և Փոքր Սամսար գյուղերի մոտ։ Մնացած բոլոր գյուղերը ունեն փոքր աղբամաններ։ Գյուղերում աղբամանները բաշխված են անհավասարաչափ: Ամբողջ շրջանում կա 8 մեծ աղբաման և ավելի քան 600 փոքր աղբաման: Ախալքալաքի քաղաքապետարանը վերջերս տեղական բյուջեից 198 666 լարի հատկացրեց երկաթյա աղբամաններ ձեռք բերելու համար, բացի այդ, 2024 թվականի բյուջեով ևս գումար է հատկացվել 100 աղբաման գնելու համար։
Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, գյուղերում լրացուցիչ աղբամաններ տեղադրելուց և գյուղն ամբողջությամբ աղբամաններով ապահովելուց հետո, այդ գյուղից կսկսեն աղբահանության վճար հավաքել։
«Մոտ 15-20 հատ կտեղադրենք նաև Կարտիկամ գյուղում, որտեղ աղբահանությունը բնակիչներն իրենք են իրականացնում: Վարևան գյուղում կավելացնենք, Կոկիո գյուղում էլ կտեղադրենք, սկսել ենք նաև այն գյուղերի բաժանորդային բազա ստեղծելու աշխատանքները, որտեղից մենք աղբահանության վճար ենք հավաքում»,- ասաց Մխիթար Ռստակյանը։
Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ արդեն 10 գյուղի բաժանորդների տվյալների բազան պատրաստ է, այժմ աշխատանքներ են անցկացվում մնացած 8 գյուղի բաժանորդներին բազայում ավելացնելու ուղղությամբ, որտեղից արդեն իսկ հավաքում են բաժանորդային վճար։ Ֆիզիկական անձանց համար աղբահանության վճարը մեկ անձի համար կազմում է 50 թեթրի, եթե ընտանիքը չորս հոգուց ավելի է, ապա վճարը կազմում է 2 լարի, իսկ իրավաբանական անձինք վճարում են 25 լարի 1 խոր/մ աղբի համար։ Բաժանորդային վճարը ֆիզիկական անձանցից հավաքում են 18 ստուգիչ, ովքեր ստանում են հավաքված գումարի 30%-ի չափով աշխատավարձ։
Այն գյուղերում, որտեղ տեղադրված են աղբամաններ, ըստ Ռստակյանի, աղբը հեռացվում ըստ գրաֆիկի՝ երկու օրը մեկ։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնում կա 5 աղբատար մեքենա, 4-ը՝ փոքր աղբամանների համար, 1-ը՝ մեծ, ինչպես նաև այլ տեխնիկա։ Սպասարկման կենտրոնն ունի ընդհանուր առմամբ 13 միավոր տարբեր տեխնիկա:
Սպասարկման կենտրոնում աշխատում են 63 հաստիքային աշխատող, 1 արտահաստիքային աշխատողշ ինչպես նաև 18 ստուգիչ:
Չնայած Սպասարկման կենտրոնի աղբահանության իրականացմանը, գրեթե բոլոր գյուղերի ծայրամասերում կան բնակիչների կողմից ստեղծված արհեստական աղբավայրեր։ Մի քանի տարի մունիցիպալիտետը տեղական բյուջեից միջոցներ էր հատկացնում այդ աղբավայրերի միանվագ մաքրման համար։ Բայց աղբավայրերը կրկին գոյանում են։ Հատկապես խոշոր արհեստական աղբավայրեր են ստեղծվել Բեժանո և Խանդո գյուղերի մոտ։
Վերջին երեք տարիների ընթացքում, մունիցիպալիտետը միջոցներ չի հատկացրել արհեստական աղբավայրերը մաքրելու համար։
Մխիթար Ռստակյանի խոսքով, այս տարի իրենք մտադիր են հնարավորության դեպքում մաքրել կամ գոնե կրճատել Բեժանո գյուղի մոտ առաջացած արհեստական աղբավայրի տարածքը։ Ըստ նրա, նաեւ, նախատեսվում է մաքրել Խանդո գյուղի մոտ գտնվող աղբավայրը։
Քանի որ Խանդո գյուղի մոտակայքում գտնվող արհեստական աղբավայրում շատ փչացած կարտոֆիլ կա, Ռստակյանի խոսքով, դրանք կթաղվեն փոսի մեջ ու հողով կծածկվեն։ Նշենք, որ Նինոծմինդայի աղբավայրը կարտոֆիլ չի ընդունում: