Ախալքալաքում վերջերս սկսեցին բացել կար ու ձևի արհեստանոցներ: Սովորական կարուձևի սպասարկումը փոքրիկ քաղաքի համար վերափոխվում է կանացի անսովոր բիզնեսի: Բիզնեսի հիմնադիրները լի են խանդավառությամբ ու հույսով:

Քաղաքում առաջին արհեստանոցը բացվեց փետրվարին՝ Ժաննայի և Անիի նախաձեռնությամբ: Աղջիկներն առանձնակի զգուշությամբ են մոտեցել գործին, հատուկ ուշադրություն դարձնելով դիզայնին, սենյակում բոլոր նկարները և գրությունները ձեռքով են արված:

«Ես այս գաղափարն ունեի վաղուց, քանի որ մանկությունից ես միշտ երազում էի դիզայներ դառնալ: Այնուհետեւ գնացի Երեւան եւ սովորեցի երկու տեղ` Աննա Ռաֆայելյան ակադեմիայում եւ դիզայներ Ալիս Հարությունյանի հետ: Մենք կարեցինք արվեստագետների եւ փոփ աստղերի համար` Նազենի Հովհաննիսյան, Ալլա Լեւոնյան, Մայա Պողոսյան, ինչպես նաեւ կազմակերպեցինք ցուցադրություն Gucci Fashion House-ի ղեկավարի թոռան շոուի համար, որը հատուկ թռավ մեզ համար Իտալիայից», – ասում է Ժաննան:

Դասընթացից հետո նա վերադարձավ Ախալքալաք եւ այն ժամանակ, երբ քաղաքում այդպիսի բան չկար, որոշեց բացել իր նորաձեւության ստուդիան:

Ժաննան երկար ժամանակ ծանոթ էր Անիին, տեսավ նրա ստեղծագործությունները եւ հմտությունները, եւ աղջիկները որոշեցին մի տարածք վարձակալել նոր բիզնեսի համար: Անին նույնպես Երեւանում սովորել է Թեթեւ արդյունաբերության պետական քոլեջում: Ժաննան եւ Անին ստացել են «Մոդելավորում եւ հագուստի ձեւավորում» մասնագիտությունը:

«Մենք բիզնեսը բացեցինք մեր ներդրումներով, եւ այն լիովին արդարացրեց, նույնիսկ գերազանցեց իմ ակնկալիքները: Մենք մտադիր ենք բացել մեր ստուդիայի մասնաճյուղերը Երեւանում կամ Ռուսաստանում: Բացի այդ, մենք ցանկանում ենք ուսանողներ ընդունել եւ արդեն հայտարարություն ենք տվել աշխատանքի ընդունման մասին: Մեր ստուդիան կդառնա կրթական կենտրոն», – ասում է Ժաննան:

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են մանկությունից երազել ստուդիա ունենալու մասին: Վիկտորիան ևս նորաձեւության բիզնեսի ներկայացուցիչ է: Նա բիզնեսի վերաբերյալ տարբեր գաղափարներ ուներ, սակայն որոշեց զբաղվել նորաձևությամբ, քանի որ Ախալքալաքի մնացած շուկան վաղուց արդեն հագեցած էր:

«Ես երբեք առավոտից երեկո ժամանակացույցով աշխատանք չեմ ունեցել: Ես սիրում եմ ազատ ժամանակացույց ունենալ, եւ սիրում եմ ստեղծագործական մասնագիտությունները»,- ասում է Վիկան:

Վիկան ուսանել է ռուսական Grasser դպրոցում, որտեղ նա ներկա էր հիմնական դասընթացին, ինչպես նաեւ տաբատների կարի դասընթացին: Նա նաեւ ուսուցանել և ավարտել է «Ավրորա» դպրոցի կորսետների կարման առցանց դասընթացը: Վիկան չի կարծում, որ առցանց ուսուցումը բացասաբար է անդրադարձել իր մասնագիտական հմտություններին. «Երբ լիարժեք ուսումնասիրում ես վարպետի մոտ, նա հաճախ շտկում է քո կատարած սխալները, իսկ այստեղ, առցանց դասընթացների ընթացքում, մենք մեր աշխատանքների լուսանկարներն ուղարկում էինք և սպասում պատասխանի, որոնք հաճախ հետ վերադարձնելով,չէին էլ նշում արված սխալները: Արդյունքում, ստիպված էինք ինքնուրույն կատարել խնդիրը մի քանի անգամ, մինչեւ որ նրանք կընդունեին այն, իսկ վերջում ամեն ինչ արդեն ինքնստինքյան էր ստացվում»:

Վիկան նույնպես տարածք է վարձակալել, իսկ նախնական կապիտալի համար վարկ է վերցրել: Նա չէր վախենում բիզնես սկսել, քանի որ կարծում է, որ միշտ էլ պետք է փորձել, եւ այս դեպքում ռիսկերը այնքան էլ մեծ չեն: Նախքան ստուդիայի բացումը, Վիկան արդեն հաճախորդներ ուներ, քանի որ նա երկար ժամանակ աշխատել է տանը:

«Տանը, առաջին հերթին շատ անհարմար է աշխատել, քանի որ տուն գալիս են միայն նրանք, ովքեր հաստատ որոշել են շոր պատվիրել, իսկ սրահ հաճախում են նաև պատահական մարդիկ, որոնց հետաքրքրում են մանրամասնությունները: Լրացուցիչ լսարան է», – ասում է նա:

Վիկտորիան հաստատում է, որ Ախալքալաքում անհատական հագուստի արժեքը զգալիորեն նվազել է:

«Աշխատանք/վճար հարաբերակցությունը բոլորովին արդարացված չէ: Ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնեք քաղաքի միջին աշխատավարձը, իմ աշխատանքը բավարարում է ինձ, բայց ես չեմ կարող դա շահավետ բիզնես համարել: Եթե անընդհատ մտածեք շահութաբերության մասին, ապա ավելի լավ է դա չանել: Պարզապես պետք է գործով զբաղվել», – ասում է Վիկան:

Նա կարծում է, որ եթե ընդլայնվի արտադրությունը, ընդունի նոր աշխատողների, շորեր կարի խանութների համար, ապա միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել նշանակալի օգուտների մասին:

Վիկտորիան ցանկանում է ընդունվել Արվեստի ակադեմիա եւ ստանալ բարձրագույն կրթություն «ոճաբան» մասնագիտությամբ: Նա դեռ չգիտի, թե արդյոք շարունակելու է «նորաձեւության բիզնեսը», սակայն վստահ է, որ կկապի իր կյանքը ստեղծագործական և ոճաբանական ուղղությունների հետ: Վիկան կարծում է, որ գլոբալ ծրագրերի մասին կարելի է մտածել միայն բարձրագույն կրթություն ստանալուց հետո, եւ ցանկալի կլինի սովորել արտերկրում:

Մեր հաջորդ հերոսուհին` Արմինեն, շատ հաջողակ էր. Նա ստացավ դրամաշնորհ` բաց դռներ բացելու համար, մասնակցելով ծրագրի մրցույթին: Այդպես է ոգեշնչվել բիզնես բացելու համար:

Արմինեի համար այս բիզնեսը ընտանեկան է: Նրա հայրն իր ողջ կյանքի ընթացքում զբաղվել է հագուստի վերաձևմամբ, ուստի Արմինեն ծանոթ է այս գործունեությանը մանկուց:

«Ես իսկապես սիրում եմ այս գործը: Հայրս իմ ուսուցիչն էր, ես ամեն ինչից սովորեցի նրանից եւ որոշեցի շարունակել իր աշխատանքը», – կիսվում է նա:

Արմինեն երկու տարի աշխատել է տանը, հետո իմացել է ծրագրերի մրցույթի մասին, դիմում է ներկայացրել՝ շահել է եւ մասնակի ֆինանսավորում է ստացել: Նա կարծում է, որ տանը հարմար չէ աշխատել: Հունիսին նա մտադիր է բացել իր սեփական ստուդիան, որտեղ աշխատելու է հոր հետ: Արմինեն ցանկանում է սկսել մանկական հագուստի կարուձևից:

«Սպառողների հետ խնդիրներ չկան», – ասում է Արմինեն: Յուրաքանչյուրը գիտի իմ հորը քաղաքում, միշտ պատվերներ են տալիս եւ արդեն ահագին հաճախորդներ եմ հավաքել»:

Նա գտնում է, որ Ախալքալաքում նորաձև հագուստի պահանջարկը զգալիորեն մեծացել է, մարդիկ ձանձրացել են միատեսակ հագուստներ կրելուց և նախապատվությունը տալիս են նորաձևության սրահներում կարվող հագուստներին, և ոչ թե խանութներում վաճառվող միատեսակությանը: Այնպես որ, նա վստահ է, որ իր բիզնեսը շահութաբեր կդառնա:

«Մարդիկ հոգնում են նույն ապրանքներից: Նրանք ուզում են ինչ-որ բան փոխել միապաղաղ կյանքում, ինքնատիպ որոշումներ գտնել իրենց համար», – ասում է նա:

Հետագայում Արմինեն մտադիր է ստեղծել իր մանկական հագուստի ապրանքանիշը: Նա չի վախենում մրցակցությունից, քանի որ կարծում է, որ եթե մարդը լավ կատարի իր աշխատանքը, ապա նա չի կարող վախենալ աճող մրցակցությունից:

Բոլոր ոճաբանները խոստովանում են, որ նոր հագուստներ ամենաշատը պատվիրվում են ավարտական երեկույթներին եւ վերջին զանգերին, ինչպես նաեւ ձմռանը՝ հարսանիքների ժամանակաշրջանում: Դրանից բացի, հագուստի վերանորոգման պատվերները ամբողջ տարվա ընթացքում պահանջվող են: Բացի նորաբաց սրահներից, Ախալքալաքում կան ոճաբաններ, որոնք տանն են զբաղվում հագուստի արտադրությամբ, ինչպես նաեւ մի քանի տարի առաջ բացված սրահները, բայց ոչ ոք հաճախորդի պակաս չունի:

Ամալյա Բաբայան