Հուլիս ամսին Թբիլիսյան փողոցում կոյուղուց կեղտաջուր էր հոսում և ողողում ողջ ճանապարհը։ Բանն այն է, որ ասֆալտի իջեցման պատճառով խողովակը ջարդվել էր։ Այդ խնդիրը լուծվեց, բայց հիմա էլ դիտահորի վրա խողովակ է տեղադրվել, որը խոչընդոտում է երթևեկությանը:
Թբիլիսյան փողոցն առանց այդ էլ անանցանելի է, ասֆալտը քանդվել է, և ճանապարհը դարձրել խորդուբորդ: Այս ամենին գումարվել է անմիջապես դիտահորի վրա տեղադրված խողովակը։
Ինչպես JNEWS-ին տեղեկացրեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գիորգի Վախտանգիշվիլին, կափարիչներ ստանալուն պես այդ խնդիրը կլուծվի։
«Այդտեղ պետք է տեղադրենք կափարիչ, մենք մի կափարիչ էինք ստացել, որը կենտրոնական այգու հարակից փողոցի դիտահորին դրեցինք: Հիմա սպասում ենք, 10 օրվա ընթացքում պետք է մեծ քանակությամբ նոր կափարիչներ ստանանք: Այդ դիտահորը ևս կփակենք», – ասում է Գիորգի Վախտանգիշվիլին։
Ախալքալաքում ցանկացած փողոցում դիտահորերի կափարիչների հետ կապված խնդիր կա՝ մի մասը վնասված է, մյուս մասը բաց, որը խանգարում է անվտանգ երթևեկությանը:
Ընդգծենք, որ Ախալքալաք քաղաքում դիտահորերի խնդիրը միշտ արդիական է։
Թբիլիսյան փողոցի կոյուղին «չդիմացավ» ասֆալտին
Ախալքալաքում արդեն 3 օր է կեղտաջուրը փողոցով է հոսում