Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու բակում կատարվել է Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ՝ ի պատիվ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի։ Ախալքալաքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մոմ վառեցին Սուրբ նահատակների հիշատակին։
Կարգը կատարեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանը: Խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։ քաղաքապետարանի, սակրեբուլոյի, մունիցիպալ հաստատությունների, իրավապահ մարմինների, դատարանների և պետական այլ կառույցների աշխատակիցները նույնպես ծաղիկներ խոնարհեցին խաչքարին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Ծաղիկներ խոնարհեցին նաև արտադպրոցական կրթությամբ զբաղվող, իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունները: Սուրբ Խաչ եկեղեցու բակ ծաղիկներով եկել էին նաև տարբեր դպրոցների հարյուրավոր աշակերտներ և ուսուցիչներ։
Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգը կատարելուց հետո խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանը:
«Այսօր հայերը 109-րդ անգամ հավաքվում են՝ հիշելու, ոգեկոչելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերին, սուրբ նահատակներին, ովքեր զոհվել են հանուն իրենց հայրենիքի և հավատքի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հանուն ննջեցյալների հիշատակի, հիշատակի տոնը նշելու նպատակով։ Պատահական չէ, որ մենք օգտագործում ենք տոն բառը, քանի որ մեր Սուրբ Նահատակները եկեղեցու կողմից սրբադասված են, որոնց համար մենք պետք է աղոթենք առ Աստծված: Այսօր մենք հիշում ենք երեխաներին, ովքեր այդպես էլ չմեծացան և չհասան գիտակից տարիքի։ Մենք հիշում ենք որդեկորույս, սեփական երեխաներից կտրված մայրերին: Մենք հիշում ենք բոլոր այն տղամարդկանց, ովքեր չկարողացան պաշտպանել իրենց ընտանիքները։ Ծերերին, որոնց վրա հասավ մահը։ Մենք բոլորս, եթե ուշադիր ուսումնասիրենք մեր ընտանիքների պատմությունները, կարող ենք տեսնել, որ անտեսանելի թելերով կապված ենք Եղեռնի զոհերի հետ։ Մենք բոլորս ականատեսն ենք Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի սպանությանը»,- ասաց Տ. Նշան վրդ. Հմայակյանը։
Այս օրը Ախալքալաքի հայ բնակչությանը սատարելու էին եկել նաև Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի միտրոպոլիտ Նիկոլոզը (Պաճուաշվիլի) և Ախալքալաքում ՎՈՒԵ-ի այլ ներկայացուցիչներ։ Միտրոպոլիտ Նիկոլոզն իր խոսքը սկսեց աղոթքով՝ հայերենով։
«Ես այստեղ ներկայացնում եմ վրաց ժողովրդին, վրացական եկեղեցուն: Ինձնից պահանջվեց այս քաղաքում ապրել ավելի քան 20 տարի, որպեսզի հասկանամ մի այնպիսի փոքրիկ ճշմարտություն, որ մենք ավելի շատ ենք, ոչ ոք մեզ մեզանից լավ չի կարող հասկանալ մեզ՝ քան մենք ինքներս: Մենք այսօր՝ ապրիլի 24-ին, միասին ենք կանգնած: Սա մեր հայտարարությունն է ողջ աշխարհին: Քանի դեռ մենք միասին ենք, ոչ ոք չի կարողանա մեզ հաղթել, պարտության մատնել, քանի որ մենք եղբայրներ ենք»:
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Հազարավոր մարդիկ այսօր այցելում են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու քսաներորդ դարասկզբի ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերին: Ցեղասպանության ժամանակ «ցաքուցրիվ» եղած հայերը հաստատվել ու ապրում են աշխարհով մեկ, և ամեն տարի այս օրը հայերը պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունն այն երկրներում, որտեղ ապրում են, պահանջում են պատմական արդարություն։ Ցեղասպանության թեման այն խնդիրներից է, որը ընդհանուր ելակետ է համայն հայության համար։ Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումն այն երկրի կողմից, որի քաղաքացին և բնակիչն է հայը, միշտ մնում է նրա համար կարևոր հարց։ Մինչ օրս աշխարհի ավելի քան 30 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ բոլոր 50 նահանգները պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Վրաստանն այն երկրների թվում է, որոնք դեռ չեն ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն։