«Դադեշ» կանանց ասոցիացիայի հիմնադիր Օֆելյա Իսպիրյանը գյուղական առօրյաից անդին ստեղծել է իր աշխարհը, որը միաժամանակ, թե ստեղծագործելու, թե բիզնեսով զբաղվելու հնարավորություն է ընձեռում:

13 տարեկանում մայրիկի օգնությամբ սկսել է առաջին գորգը գործել։ Այնուհետև կյանքի վայրիվերումները՝ ուսանողությունը, ամուսնությունը ստիպել են ժամանակավոր կասեցնել նախասիրությամբ զբաղվելու հակումները։ Օֆելյա Իսպիրյանը հիշում է, երկար ժամանակ հոգսերը կարծես մոռացնել էին տվել, թելերի ու ջուլհակահաստոցի մասին, սակայն մութ տարիներին, լամպի լույսի ներքո որոշում է վերականգնել երբեմնի սիրելի զբաղմունքն ու սկսում է գործել: Եվ աղոտ լույսի տակ ավարտին հասցնել, այսօր արհեստանոցում խնամքով պահված կարմիր և սև գորգը։

1

Օֆելյան ապրում է գյուղում ընտանիքի հետ։ Դասավանդում է դպրոցում, թոռնիկի ուսուցչուհին է, թե դպրոցում, թե տանը։ Նրա առօրյան հագեցած է. առավոտյան դպրոց է գնում, ապա՝ տուն, որտեղ և գտնում է իրեն երջանկացնող թոռնիկների ծիծաղի ձայնը, լինում է նաև արհեստանոցում, որտեղ սիրում է ստեղծել ու մտորել, և ինչպես ցանկացած գյուղացի կին, անմասն չէ նաև գյուղական կենցաղից։

դադեշ

Խոսելով գորգագործության մասին պատմում է, որ այն ժառանգաբար է փոխանցվել և ցանկություն ունի, որ գոնե թոռնիկը, ով իր անվան կրողն է նաև արհեստի շարունակողը լինի, փոքրիկ Օֆելյան 7 տարեկան է, և արդեն կարողանում է ջուլհակահաստոցի մոտ որոշ հատեր գործել։ Նա մեզ խոստացավ, որ երբ մեծանա գորգագործուհի է դառնալու և տատիկի արհեստանոցի տարածքը էլ ավելի է ընդլայնելու։

«Յուրաքանչյուր մարդ իր ստեղծագործություններում իր էությունն է դնում, իմ գործերում ես եմ, հետևաբար բոլոր գորգերի մեջ անկախ նրանից ինչ պատկերներ են հայկականություն կա, կամ գույներն են հայկական կամ մտածողությունը»,- ոգևորությամբ պատմում է Օֆելյա Իսպիրյանը։

dadesh

Այս արհեստը գուցե մնար միայն որպես նախասիրություն, սակայն ասոցիացիայի հիմնումը Օֆելյա Իսպիրյանի համար երկրորդ կյանքի հնարավորություն էր, նա պատմում է, որ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, նույնիսկ սկզբից հրաժարվել է ասոցիացիա ստեղծելու առաջարկից, այնուհետև մտափոխվել է և որոշել չխառնվել Աստծո անքննելի գործերին և հիմնել է փոքրիկ արհեստանոցը, որտեղ տիկնոջ համոզմամբ բուժվել է հոգին։

Սոնա Տոնականյան