150 երեխա արդեն երկու տարի է սպասում են իրենց հերթին, որպեսզի մանկապարտեզ հաճախեն: Գրեթե երկու տարի է քաղաքի երեք մանկապարտեզներում 5 նոր խմբերի բացումն անընդհատ հետաձգվում է: Այսօրվա դրությամբ նոր խմբերի բացումն ըստ պատասխանատուների հետաձվում է ջեռուցման պատճառով:
Դեռևս 2016 թվականին 3 քաղաքի մանկապարտեզներում պետք է որ հինգ նոր խումբ բացվեր, 10 դաստիարակ ու 5 դայակ պետք է աշխատանքի ընդունվեին, բայց մինչև հիմա անորոշ է, թե վերջապես երբ կբացվեն այդ խմբերը:
«Սկզբից կահույքն էր խնդիրը, մեր տենդերներն ընկան բողոքի տակ, ամեն բողոքը 10 աշխատանքային օր է պահանջում: Ի վերջո մեր կահույքի տենդերը երկար տևեց: Հիմնական խնդիրը դա էր, սկզբից չունեինք գույք, որ խմբերը բանայինք: Կահույքի հարցը լուծվեց սեպտեմբերի սկիզբ: Քանի-որ արդեն ձմեռը մոտ էր, իսկ նոր խմբերում ջեռուցում չկար, այսինքն ջեռուցման համակարգն անցկացված է, սակայն գազին միացրած չէ: Դիմել ենք գազի հիմնարկ, եկել ակտավորել են: Ինչ-ինչ պատճառներով գազի միացումը հետաձգվում է, իսկ ջեռուցում չլինելու պատճառով էլ հետաձգվում է նոր խմբերի բացումը», – ասաց Ախալքալաքի շրջանի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը:
Մանկապարտեզների միավորումում չեն շտապում կոնկրետ ժամանակահատված նշել, թե վերջիվերջո, երբ կբացվեն նոր խմբերը, սակայն վստահեցնում են, որ մոտ ապագայում երեխաները կհաճախեն մանկապարտեզ:
«Հենց ջեռուցումը լինի, մենք միանգամից հարցազրույցի կհրավիրենք դիմորդներին, կընտրենք մեր աշխատողներին, իրենք նախնական պրակտիկա կանցնեն մեր մանկապարտեզներում: Կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել, բայց հույս ունեմ մյուս տարվա սկզբներին կբացվեն», – ավելացրեց Մանկապարտեզների միավորման տնօրենը:
Մանկապարտեզների 5 նոր խմբերում աշխատանքի ընդունվելու համար հարյուրավոր մարդիկ են դիմել: Նրանցից ոմանք հետևողական անընդհատ հետաքրքրվում են և դժգոհում, թե վերջիվերջո երբ են իրենց հարցազրույցի հրավիրելու, ոմանք արդեն նոր աշխատանք են գտել, իսկ որոշներն էլ մոռացել են իրենց դիմումի մասին: Սպասողական վիճակում են ոչ միայն աշխատանքի ընդունվել ցանկացողները, այլև երեխաները: Նոր խմբերը ևս 150 երեխայի հնարավորություն կընձեռնի մանկապարտեզ հաճախելու: Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրենի խոսքերով, այս նոր 5 խմբերի բացվելով, ըստ հաշվառումների Ախալքալաքում կլուծվի մանկապարտեզից դուրս մնացած երեխաների խնդիրը:
Չնայած Ախալքալաքում մանկապարտեզների թիվն այնքան էլ քիչ չէ, այնուամենայնիվ, երեխային ժամանակին մանկապարտեզ տանելու համար պահանջվում է ոչ միայն ամիսներ առաջ հերթագրել, այլև տարիներով սպասել, որպեսզի նոր խումբ բացվի և հերթը հասնի:
Աղունիկ Այվազյան