Այսօր՝ ապրիլի 24-ին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց անցկացվեց, որը նախաձեռնել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը և որին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ, հասարակական գործիչներ և այլք: Պահանջատիրական ակցիայի հետ մեկտեղ անցկացվեց նաև ցեղասպանության թեմատիկայով ցուցահանդես:
Ժամը 12:00-ին Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում` Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհված Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների։
Ժամը 13:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, իսկ ժամը 14:00-ին սկսվեց պահանջատիրական ցույց։
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին՝ նշելով, որ սրանով ապացուցեցին, որ հայի ոգին անկոտրուն է, նա անդրադարձավ 109 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին և նշեց, որ հայ ազգին ցեղասպանել են հենց իրենց հայրենիքում:
«Նրանց ցեղասպան վարմունքը չի սահմանափակվել 1915 թվականի դեպքերով, նրանք դա շարունակում են մինչ օրս, Արցախի հայաթափությունը դրա վառ ապացույցն է, առաջարկում էին մնալ մարդկանց իրենց տներում և խոստանում էին ապահովություն, այն դեպքում երբ տասնյակ տարիներ իրենց երեխաներին թշնամական ոգով են մեծացրել և կրթում են Ռամիլ Սաֆարովներ, հերոսացնում են հայ սպանողին», – նշեց Միրզոյանը:
«Հայրենասիրությունը ծնվում է այնտեղ, որտեղ մարդը գիտակցում է հայրենիքի սրբության մասին։ Հայրենիքի հանդեպ նվիրվածությունը ծնվում է այն ժամանակ, երբ հայը սիրում է հային, և ի վերջո՝ հայրենասիրությունը դառնում է հայի նպատակը, երբ ամբողջ հայ ժողովուրդը համախմբվում է հայրենիքի և իր սրբազան եկեղեցու առջև», – ելույթի իր խոսքում ասաց Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Ելույթ ունեցավ նաև հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։ Նա իր խոսքում անդրադարձավ նաև այսօր տեղի ունեցող իրադարձություններին:
«Մենք պետք է մեր վրեժը լուծենք, մեր փոխարենը դա ոչ ոք չի անի։ Այսօր նույնպես շարունակվում է հայոց ցեղասպանությունը, մենք տեսանք թե ինչպես նորից Դեր Զորի ճանապարհ դարձավ Բերձոր-Գորիս ճանապարհը, 100-ավոր մարդիկ մահացան այդ ճանապարհին։ Մի քանի ամիս առաջ հազարավոր արցախցիներ մահացան սրտի անբավարարությունից, որովհետև անհնար էր այդ ամենին դիմանալ և այդ ամենը էլի շարունակվելու է։ Կապ չունի որտեղ կլինի հայը՝ Վրաստանում, ԱՄՆ-ում, թե մեկ այլ վայրում, մենք իրար հետ պետք է լինենք, մենք ենք տերը մեր լեզվի, եկեղեցու և մշակույթի և ով ոտնձգություն կանի այդ ամենի դեմ, նա ուղիղ իմ թշնամին է»:
«Վիրայահերի միության» ղեկավար Մարի Առաքելովան իր ելույթում նշեց, որ այն, ինչ 109 տարի առաջ տեղի ունեցավ դա մարդկության դեմ կատարված հանցնաք էր և այն Վրաստանի հետ կապված է այն առումով, որ մազապուրծ եղած շատ հայեր բնակություն հաստատեցին այստեղ և իր խոսքում շնորհակալություն հայտնեց եղբայրական վրացի ազգին, ովքեր մեկ դար առաջ մեր նախնիններին հնարավորություն տվեցին հաստատվել այս հողի վրա:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը անդրադարձավ Էրդողանի այսօրվա հայտարարությանը, թե իբր հայ ժողովուրդն անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Թուրքիայի նկատմամբ և պատմական սխալ փաստեր է արձանագրում։ Թումասյանի խոսքով, հայ համայնքը հավաքվելով պետք է ցույց տա, որ, որպես իրենց նախնիների ժառանգներ հենց իրենք են փաստն ու ապացույցն այն բանի, թե ինչ է տեղի ունեցել:
«Նախկինում մենք նշում էինք Ղարս, Մուշ, Էրզրում, Վան, Բիթլիս և շատ այլ քաղաքներ, բայց հիմա, ցավոք, այդ շարքին ավելացել է նաև Արցախը: Հեռու գնալ պետք չէ, մեկ տարի առաջ բոլորս ականատես եղանք, թե ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան միասին կազմակերպեցին հայոց ցեղասպանության շարունակություն՝ Արցախի հայաթափումով»: