Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մարդկանց սակավաթվության պատճառով վերջին օրերին խորհրդարանին հարակից ճանապարհը փակելու անհրաժեշտություն չկա, և նախազգուշական հաղորդագրություն է տարածել։
ՆԳՆ-ն նշել է, որ «ճանապարհի արհեստական փակումը խախտում է հանրահավաքի մերձակայքում ապրողների և աշխատողների իրավունքները»։
«Հաշվի առնելով երթի մասնակիցների սակավաթիվ լինելը՝ տրանսպորտի ճանապարհը փակելու կարիք չկա, սակայն հանրահավաքի մասնակիցները տևական ժամանակ արհեստականորեն փակում են տրանսպորտի ճանապարհը։
Հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում ենթարկվել օրենքի պահանջներին։ Յուրաքանչյուր ապօրինի գործողության կհետևի իրավապահ մարմինների համապատասխան իրավական պատասխանը»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Զգուշացվել է նաև, որ կպարզեն բոլոր այն մարդկանց ինքնությունը, որոնք հանրահավաքի մասնակիցներին կոչ են անում փակել ճանապարհը, և «իրավական միջոցներ կձեռնարկեն» նրանց նկատմամբ։