Ընտրական բարեփոխումների շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կընտրվի խորհրդարանի կողմից:
ԿԸՀ նախագահի ընտրության կանոնները մանրամասն ներկայացված են Ընտրական բարեփոխումների փաստաթղթում, որը երեկ ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով՝ առաջարկություններ ստանալու նպատակով:
Ընտրական փոփոխությունների համաձայն, փոխվում է օրենքի ներկայումս գործող նորմը, ըստ որի ԿԸՀ նախագահն ընտրվում է ԿԸՀ անդամների կողմից իր կազմի անդամներից, բայց եթե նախագահը չի ընտրվում, ապա գործընթացը տեղափոխվում է խորհրդարան և ԿԸՀ նախագահն ընտրվում է օրենսդիր մարմնի կողմից:
Պատրաստված փոփոխությունների համաձայն` ԿԸՀ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից` Վրաստանի նախագահի առաջարկությամբ, սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` բաց մրցույթի միջոցով: Օրինագիծը նախատեսում է, որ ԿԸՀ նախագահի լիազորությունների ժամկետը կլինի հինգ տարի, եթե նա ընտրվի խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն 2/3-ի մեծամասնությամբ, իսկ այլ դեպքում` 6 ամիս:
Ինչ վերաբերում է ԿԸՀ կազմին, ապա անդամների թիվն ավելանում է և բաղկացած կլինի ոչ ավելի, քան 17 անդամներից, այդ թվում՝ ԿԸՀ նախագահը, նրա երկու տեղակալները և ԿԸՀ քարտուղարը: Ըստ օրինագծի, ԿԸՀ յոթ անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից՝ Նախագահի առաջարկությամբ, իսկ ԿԸՀ-ի ինը անդամից ոչ ավելին կնշանակվեն կուսակցությունների կողմից: