Վրաստանի արհմիությունների միավորումը հայտարարություն է տարածել, որում քննադատել է այսպես կոչված «ռուսական օրենքը» ընդունելու փորձերը՝ մատնանշելով դրա անընդունելիության մասին, քանի որ այս օրենքի համաձայն օտարերկրյա դոնորների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները կհամարվեն արտաքին ազդեցության գործակալներ։
«Գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ մենք վերականգնել ենք ապօրինի աշխատանքից ազատված հազարավոր մարդկանց իրենց աշխատատեղեր։ Ինչպես գիտեք, որակավորված իրավաբաններ վարձելը մեծ շռայլություն է, սակայն այդուհանդերձ մեր քաղաքացիներից ոչ մի լումա չի գանձվել։ Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք տրամադրել նրանց աշխատանքային իրավունքների, կանանց իրավունքների և սոցիալական ու տնտեսական այլ իրավունքների մասին:
Հենց դոնոր կազմակերպությունների աջակցությամբ է, որ բոլոր փուլերում փոփոխություններ կատարվեցին աշխատանքային օրենսդրության մեջ, ստեղծվեց աշխատանքային օրենսդրության գործադիր մարմին՝ Աշխատանքի տեսչական ծառայության տեսքով։ Սա այն դեպքում, երբ մարդիկ զանգվածաբար մահանում էին աշխատավայրերում՝ անվտանգության չափանիշների բացակայության պատճառով, ինչի մասին հստակ վկայում է վիճակագրությունը:
Մշակվել է կենսաթոշակային օրենսդրության այլընտրանքային տարբերակ, որից կենսաթոշակային գործող օրենքում հաշվի են առնվել թոշակառուների համար մի քանի կարևորագույն բաղադրիչներ։
Արտասահմանյան դոնորների աջակցությունը կարևոր է արհմիությունների համար հետազոտություններ, օրենսդրական նախաձեռնություններ և իրազեկության բարձրացման արշավները զարգացնելու համար: Այս գործընթացը շարունակվում է այսօր ևս։ Եվ այս գործողություններից յուրաքանչյուրը ծառայում է միայն մեր քաղաքացիների շահերին»,- գրված է Վրաստանի արհմիությունների միավորման հայտարարության մեջ։
Արհմիություններն ընդգծում են, որ վերոնշյալ բոլոր ձեռքբերումներն ու այլ գործունեություններն ուղղված են եղել օգնելու Վրաստանի քաղաքացիներին, որոնց անկոտրում կամքը եվրոպական ինտեգրումն է հանդիսանում, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում։