Երեկ՝ մայիսի 2-ին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ վրացի բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ռազմավարական գործընկերության և ԱՄՆ օգնության հետ կապված որևէ հարց քննարկելու հրավերը։ Վրաստանը մերժել է, քանի որ հրավերը պարունակում է կետ՝ կասեցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է դեսպան Ռոբին Դաննիգանի հայտարարությունը, որում նշվում է. «Վերջերս մենք Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել ենք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու ռազմավարական գործընկերության և ԱՄՆ օգնության հետ կապված ցանկացած հարց։ Ցավոք, վրացական կողմը նախընտրեց հրաժարվել այս հրավերից»։
ԱԳՆ-ն բացատրում է, որ վերապահումներով այցի անցկացումը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխադարձ վստահության վրա։
«Այսօր հրապարակվել է ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հրավիրվել են ԱՄՆ, ինչից վրացական կողմը հրաժարվել է։ Այս առիթով ուզում եմ պարզաբանել, որ Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԱՄՆ՝ նախազգուշացումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վերապահումներով այցի անցկացումը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և վստահության վրա, ինչի համար ԱՄՆ դեսպանին տրվել է մանրամասն բացատրություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։