Ախալքալաքի առողջապահական կենտրոնից հայտնում են, որ երեխաների պլանային պատվաստումները, որոնք ծնողները բաց են թողել, կարող են անցկացնել Իմունիզացիայի Եվրոպական շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 21-ից 27-ը։
Պատվաստվել կարող է յուրաքանչյուր տարիքային խմբի երեխա, սկսած 2 ամսականից մինչև 14 տարեկան։ Պատվաստումները կանցկացվեն շրջանի բոլոր գյուղերում և Ախալքալաքում։ Այդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր բնակիչ աշխատանքային ժամերի ընթացքում կարող է դիմել իր գյուղի բուժկետ կամ Ախալքալաքի Առողջապահական կենտրոն։
Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը բոլորին հորդորում է մասնակցել իմունիզացիայի շաբաթին և պատվաստել իրենց երեխաներին, այդպիսով պաշտպանելով նրանց առողջությունը։
Յուրաքանչյուր տարի Իմունականխարգելման եվրոպական շաբաթը հնարավորություն է ընձեռնում մեկ անգամ ևս ընդգծել հանրային առողջապահության ոլորտում պատվաստումների դերի կարևորությունն ու գերակայությունը:
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների միջոցով բարձրանում է պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկումը: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը, որի հետևանքով կտրուկ նվազել է ինչպես ընդհանուր կառավարելի հիվանդություններով հիվանդացությունը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: