Ախալքալաքի մունիցիպալիտետում հացահատիկի ցանքն ընթացքի մեջ է, որոշ գյուղերում աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ որոշ գյուղերում՝ ընթացքի մեջ։ Մունիցիպալիտետում դեռևս տվյալներ չկան հացահատիկի ցանքատարածությունների վերաբերյալ, պարզ չէ, նախորդ տարվա չվաճառված կարտոֆիլի պատճառով, դրանք ավելացել են, թե կրճատվել։
Մուրջախեթ գյուղում հացահատիկի ցանքն արդեն ավարտվել է։ Ֆերմեր Ենոք Բաբաջանյանի խոսքով, ինքը շատացրել է հացահատիկի արտերը: Նա ցանել է 1 հա ցորեն, 3 հա գարի և 3 հա կարտոֆիլ։
«Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատել եմ, հացահատիկի ցանքատարածություններն ավելացրել եմ: Հացահատիկի մշակումը մեծ աշխատանք և գումար չի պահանջում, քանի որ կարտոֆիլը չվաճառվեց, և, երևի, աշնանը ևս կարտոֆիլի իրացման խնդիր լինի, հետևաբար, որպեսզի հողը դատարկ չմնա, ես հացահատիկ եմ ցանել: Հացահատիկն էլ չի վաճառվում, գինն էլ ցածր է, պարզապես գարնանը ցանում ես, աշնանը բերքը հավաքում ես, շատ աշխատանք չի պահանջում»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։
Արագվա գյուղում, ըստ Ղազարոս Ունանյանի, ևս ավելացրել են հացահատիկի ցանքատարածությունները:
«Կարտոֆիլը չի վաճառվել, բնակչությունը հիասթափված է, և այս տարի մեր գյուղում մեծամասնությունը շատացրել է գարու և ցորենի ցանքատարածությունները, հացահատիկի աճեցումը մեծ աշխատանք չի պահանջում, և գոնե իրենց սեփական ալյուրը կունենան»,- ասում է Ղազարոս Ունանյանը։
Տուրցխ գյուղում հացահատիկի ցանքսն ընթացքի մեջ է և կավարտվի մի քանի օրից։ Ըստ Տուրցխի տարածքային միավորից Սակրեբուլոյի պատգամավոր Աննա Ղևենյանի, այս տարի գյուղում հացահատկեղենը այնքան է, որքան՝ նախորդ տարի։
«Գյուղում ցորենը ցանել ենք աշնանը, երկու օրից էլ կավարտենք գարու ցանքսը: Մենք ամեն տարի նույն քանակությամբ հացահատիկ և կարտոֆիլ ենք ցանում: Հացահատիկը 106 հեկտար է, իսկ 290 հեկտարն էլ կարտոֆիլը: Գյուղում վարելահողը քիչ է, ուստի կարտոֆիլն ու գարին չենք քչացնումն և չենք էլ ավելացնում: Մեզ գարին է պետք, խոտի համար ենք հավաքում, որպես անասնակեր, արոտավայրեր քիչ ունենք»,- ասում է Աննա Ղևենյանը։
Խանդոյի տարածքային միավորի սակրեբուլոյի պատգամավոր Սարգիս Մելիքյանն ասում է, որ Խանդո գյուղում գարու ցանքսը ընթացքի մեջ է, իսկ ցորենը Ջավախքում ցանում են աշնանը։ Սարգիս Մելիքյանն ասում է, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կարտոֆիլի դաշտեր կունենան։
«Գյուղում ոմանք արդեն ավարտել են գարու ցանքը, ոմանք ցանում են դեռ: Ես կարտոֆիլի ցանքատարածությունները շատացրել եմ, սերմացուն չեմ վաճառել, կցանեմ, դե մյուսներն էլ»,- ասում է նա։
Նշենք, որ 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում ցանվել է 3034 հա ցորեն, ստացվել է 9573,8 տոննա բերք, գարի՝ 7261 հա, ստացվել է 21377,3 տոննա բերք։