Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը։
Ախալքալաքում ֆերմերներն արդեն սկսել են կարտոֆիլի բերքահավաքը։ Հաշվի առնելով, որ լեռնային մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքի սեզոնը սկսվում է սեպտեմբերի երկրորդ կեսից և հոկտեմբերին, ապա օգոստոսին կարտոֆիլի բերքահավաքը շուտ է համարվում։ Սակայն վերջերս Ախալքալաքում սկսել են կարտոֆիլի այնպիսի տեսակներ աճեցնել, որոնք վաղահաս են։
Հովհաննես Մուրադյանն այն ախալքալաքցի ֆերմերներից է, ով կարտոֆիլ է ցանում հարյուրավոր հեկտարների վրա։ Նա ևս սկսել է վաղահաս կարտոֆիլ ցանել և սա ճիշտ քայլ է համարում։
«Արդեն հիմա մենք վաղահաս սորտի կարտոֆիլն ենք հավաքում։ Քիչ են ֆերմերները, ովքեր վաղահաս կարտոֆիլ են ցանում, բայց սա ճիշտ ուղղություն է։ Քանի որ բրիգադներ են ձևավորվում մեծաքանակ բերքը հավաքելուց առաջ, որոնք հետո էլ կաշխատեն: Վաղ սորտի կարտոֆիլից շահույթը մեծ է։ Ավելի մեծ կարտոֆիլը միանգամից վաճառվում է, իսկ փոքրը պահում ենք սերմացուի համար»,- ասում է ֆերմեր Հովհաննես Մուրադյանը։
Ըստ գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Մախարե Մացուկատովի, Ախալքալաքում սկսել են ավելի ու ավելի «դիվերսիֆիկացնել» կարտոֆիլի սորտեր, սկսել են ցանել տարբեր բուսաճական շրջաններով կարտոֆիլ։
«Հիմնականում Ջավախքում, ավանդույթի համաձայն՝ տնկում էին միջին, միջին-ուշ, ուշ հասնող սորտեր։ Բայց հիմա պրակտիկան ցույց է տալիս, որ օգոստոսից հնարավոր է տարբեր սորտեր հավաքել։ Որպեսզի օգոստոսից այն կարողանա արդեն հայտնվել շուկայում։ Վաղ սորտերը կարելի է պահել, բայց, ցավոք, մենք պահեստներ չունենք։ Ինչու՞ է ընդհանրապես մեզ մոտ միջին և ուշ սորտեր ցանելը ձեռնտու, քանի որ արդեն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ջերմաստիճանը բնական կերպով հասնում է այն կետին, երբ արդեն հնարավոր է քանդել։ Իսկ երբ ջերմաստիճանը բարձր է, և կարտոֆիլը քանդում ես, ապա քեզ հարկավոր է հատուկ տարածք՝ բերքը սառը պահելու համար։ Քանի որ մենք չունենք ժամանակակից պահեստներ, կարտոֆիլ պահելը շատ դժվար է։ Եթե ինչ-որ մեկը նման տարածք ունի, որտեղ ջերմաստիճանը զով է, ռեժիմը կարելի է վերահսկել, ապա նա կարող է պահել»,- ասում է նա։
Ժողովուրդն ասում է՝ վաղահաս սորտերի կարտոֆիլն ունի ոչ ուժեղ և բարակ կեղև, որն ավելի է դժվարացնում պահելու պրոցեսը, սակայն փորձագետ Մախարե Մացուկատովը նշում է, որ եթե պտուղը հասուն լինի բերքահավաքի ժամանակ, ապա այն կպահվի։