Ախալքալաքի շրջանում գյուղացին հողը վարել, վարուցանքին պատրաստվել է, սակայն մինչ օրս գարնանացանը չի սկսել: Հնարավորություն չունի սկսելու, եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս: Գյուղացին մտավախություն ունի, որ ցանքսը ժամանակին չի հասցնի անել:

Jnews-ը գյուղացիների հետ խոսել է նրանց անհանգստությունների մասին, որոնք հիմնականում կապված են գարու և ցորենի ցանքսն ուշացնելու հետ:

«Ամեն տարի ապրիլին արդեն կարտոֆիլի ցանքսն էինք համարյա վերջացնում, իսկ այս տարի նույնիսկ գարին ու ցորենը չենք հասցրել ցանել: Արդեն մի ամիս է ձյուն ու անձրև է տեղում: Վախենում ենք, որ գարին ժամանակին չի հասցնի աճել, ինչ իմանանք ամռանն ինչ եղանակ կլինի», – ասում է Կուլիկամ գյուղի բնակիչ Արմեն Շահբեկյանը:

Սակայն ֆերմեր Մախարե Մացուկատովի կարծիքով անհանգստանալու կարիք չկա:

«Գարու ցանքը, եթե փոքր ինչ ավելի շուտ սկսվեր կարծում եմ ավելի լավ կլիներ, բայց եղանակի պատճառով, քանի որ մի քիչ ուշացավ, համապատասխանաբար քաղը ավելի ուշ կսկսվի: Ես կարող եմ ասել, որ այս եղանակային պայմանները ավելի լավ ազդեցություն կունենա բերքատվության վրա, քանի-որ ձյունը ապահովում է խոնավությունը: Ինչ վերաբերվում է կարտոֆիլի ցանքին, ապա այն պետք է սկսվի մայիս ամսին»:

Մախարեն նշում է, որ ցանքսի համար հողի ջերմաստիճանը պետք է առնվազն 10 աստիճան լինի: Իսկ, թե ինչով կարող է պայմանավորված լինել մարդկանց մտավախությունները, նա բացատրում է, որ դա կարող է կապված լինել այն հանգամանքով, որ շատ հաճախ ֆերմերները փորձում են հնարավորինս շուտ պահեստներն ազատել՝ կարտոֆիլը «հողը լցնելով»:

Միևնույն ժամանակ ավելացնելով, որ եթե մայիսին ևս եղանակային պայմանները շարունակվի անբարենպաստ լինել, ապա դա կարող է որոշ խնդիրներ առաջացնել, բայց հիմա անհանգստանալու կարիք չկա: