Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, տեղական բյուջեից, 117 հատ մետաղական աղբաման գնելու համար հատկացրել է 198 666 լարի։ Նոր աղբարկղերը կտեղադրվեն Ախալքալաքում և շրջանի գյուղերում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 117 հատ 1100 լիտրանոց երկաթյա աղբամաններ գնելու մրցույթ է հայտարարել։
Ախալքալաքի մունիցիպալիտետին պատկանող 76 պլաստիկ աղբարկղերը վնասվել են։ Չնայած պլաստիկ աղբամանները էժան են, սակայն դրանք դիմացկուն չեն: Դրա համար էլ քաղաքապետարանը մետաղյա աղբամաններ է ձեռք բերում։ Քաղաքապետարանը վաճառքի է հանել մոտ 2800 կգ կշռող պլաստիկ վնասված աղբամաններ։ Առաջին փորձից հնարավոր չի եղել դրանք վաճառել, նախատեսվում է նորից վաճառքի հանել, սակայն ավելի էժան գնով:
Նոր մետաղական աղբարկղերը, ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթարի Ռստակյանի, կտեղադրվեն քաղաքում և գյուղերում։
«Կտեղադրվեն Ախալքալաքի այն վայրերում և գյուղերում, որտեղ աղբամանները քիչ են ու կավելացնենք այն գյուղերի քանակը, որտեղից աղբի համար վճար ենք հավաքում: Միայն Մեծ Սամսարում, Փոքր Սամսարում, Մոդեգամում և Աբուլում չենք տեղադրելու», – ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Այս պահին աղբահանության վճար հավաքվում է Ախալքալաքի 18 գյուղից։