Այսօր՝ ապրիլի 15-ի առավոտյան, ժամը 10:00-ից Վրաստանի խորհրդարանի հետևի մուտքի մոտ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարզել են պաստառներ՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրությամբ։ «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը քննարկվում է խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։

Ինչպես հաղորդում է Jnews-ի թղթակիցը, առավոտյան տեղում ավելի շատ ոստիկաններ են մոբիլիզացվել, քան եղել են բողոքի ակցիայի մասնակիցները, իսկ ավելի ուշ նրանց են միացել նաեւ հատուկ ջոկատայինները։

«Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարը շարունակվում է: Մի՛ մնա տանը, դուրս արի փողոց: «Ռուսական օրենքը» վերաբերում է Վրաստանի բոլոր քաղաքացիներին: «Ռուսական օրենքը» մեծ պատ է Վրաստանի և Եվրոպայի միջև: Այո՝ Եվրոպային: Ոչ՝ ռուսական օրենքին»,- ասվում է սոցցանցում կազմակերպիչների տարածած տեղեկատվության մեջ։

Լրագրողները դուրս են եկել բողոքի, քանի որ կարծում են, որ եթե այս օրինագիծն ընդունվի, ապա անկախ լրագրության վրա ճնշումներ կսկսվեն։

akcia_1

Բողոքի ակցիային աստիճանաբար միացել են ուսանողները, որոնց գալուստով ցուցարարների թիվը կրկնապատկվել է։

Բողոքի ակցիային միացել են նաեւ Վրաստանում տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ։

Նշենք, որ այս օրինագծին կից դիտարկվելու է երկու այլընտրանքային նախագիծ. մեկը «Օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» նախագիծն է և Քրեական օրենսգրքում փոփոխությունները, իսկ մյուսը՝ «Դրամաշնորհների մասին» և «Հաշվապահական հաշվառման, հաշվետվողականության և աուդիտի մասին» օրենքում նախապատրաստված փոփոխությունները»:

Երեկոյան ժամը 19:00-ին օրինագծի դեմ հանրահավաք տեղի կունենա նաեւ խորհրդարանի դիմաց։

akcia_2

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հեղինակն ու նախաձեռնողը «Վրացական երազանք»-ն է։ Դրա բովանդակությունը նույնանման է նախորդ տարի նախաձեռնված և բողոքի ցույցերի արդյունքում «տապալված» նախագծին։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է «թափանցիկություն ապահովելու նպատակով» որպես օտարերկրյա իշխանության շահերը հետապնդող կազմակերպություններ գրանցել այնպիսի ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և ԶԼՄ-ների՝ որոնց եկամուտի որոշակի մասը, մասնավորապես՝ ավելի քան 20%-ը, ստացվում է արտերկրից։ Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն», պետք է գրանցվի հանրային ռեգիստրի համանուն բազայում։ Գրանցման ժամանակ հարկավոր է արտացոլել ստացված եկամուտը: Միաժամանակ կազմակերպություններից կպահանջվի տարեկան լրացնել ֆինանսական հայտարարագիր։

Ինչ վերաբերում է այլընտրանքային օրինագծերին, ապա դրանք նախաձեռնել է «Վրաստանի համար» խորհրդարանական քաղաքական խումբը, կամ «Օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» նախագծով որոշվում է օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության ուժը, օկուպանտ երկրի ազդեցության գործակալը, և, ելնելով օկուպանտ երկրի շահերից, և դրա օգտին արգելվում են գործողություններ, որոնք ուղղված են Վրաստանի ազգային շահերին վնասելուն, այդ թվում՝ թույլ չտալ Վրաստանի լիակատար ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:

«Դրամաշնորհների մասին» և «Հաշվապահական հաշվառման, հաշվետվողականության և աուդիտի մասին» օրենքներում նախապատրաստված փոփոխությունների համաձայն, որոնք «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին այլընտրանք են հանդիսանում, ցանկացած դրամաշնորհ ստացող, որը ֆինանսավորվում է ինչպես Վրաստանից, այնպես էլ՝ արտերկրից, կպարտավորվի տարեկան հաշվետվություն ներկայացնել համապատասխան մարմնին՝ հաշվետու տարվա ավարտից երեք ամիս առաջ: Տարեկան հաշվետվությունը պետք է ներառի տեղեկատվություն դրամաշնորհառուի կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացված յուրաքանչյուր դրամաշնորհի մասին, ներառյալ դրամաշնորհի նպատակը, ծավալը և դրամաշնորհի պայմանագրում նշված այլ հիմնական պահանջները: