Հայկական տեղեկատվական դաշտում ակտիվորեն քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման շրջանակներում 4 գյուղի Ադրբեջանին «փոխանցելու» հարցը։ Մինչդեռ խնդիրը բևեռային տարբեր մեկնաբանություններ է ստացել տարբեր աղբյուրներում, տեղեկատվական աղմուկն ու ապատեղեկատվությունը դժվարացնում են սովորական մարդու կողմից խնդրի ընկալումը: Jnews-ը զրուցել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, թե որ գյուղերի մասին է խոսքը, և ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել։
– Կոնկրետ ո՞ր գյուղերն է պահանջում Ադրբեջանը եւ ի՞նչ պայմաններ է առաջարկում։
– Իրականում, այս հարցի շուրջ որևէ բանակցություն չի տարվում։ Փաստացիորեն, այն, ինչ ներկայացնում է Ադրբեջանը՝ վերջնագիր է։ Խոսքն ընդհանուր առմամբ 8 գյուղերի մասին է[Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա (Ներքին Ոսկեպար), Խեյրիմլի (Խերմլու) եւ Ղըզըլգաջիլի, Յուխարի Ասկիպարա (հայերեն տեղանունը՝ Վերին Ոսկեպար), Սոֆուլու, Բարխուդարլու (չբնակեցված) ՀՀ Տավուշի մարզում, ինչպես նաեւ Քյարքիի (հայերեն անվանունը՝ Տիգրանաշեն) խմբ. Արարատի մարզում]։
Սրանք այն գյուղերն են, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին։ Խորհրդային տարիներին կար վարչական սահման, և տարածքները կարող էին այսուայն կողմ փոխանցվել, քանի որ մի կոլտնտեսությունը որոշել էր փոխանցել մյուսին, այս կոլտնտեսությունը գտնվում էր Հայկական ԽՍՀ տարածքում, իսկ մյուսը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում։ Ամեն ինչ բավականին բարդ էր։ Դրանով զբաղվելու համար, որպես այդպիսին, պետք է լրջորեն զբաղվել սահմանի սահմանազատմամբ և սահմանագծմամբ։ Ադրբեջանը չի համաձայնում դրան։ Այն ուղղակի որոշակի տարածքներ է պահանջում։
Այդ գյուղերից 4-ը [ խմբ. ՝ Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա (Ներքին Ոսկեպար), Խեյրիմլի և Ղըզըլգաջլի]գտնվում են Տավուշի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Այնտեղ կան տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, բայց պատկանել են Ադրբեջանին, և հակառակը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց պատկանում են Հայաստանին։
Այս գյուղերը ոչ էքսկլավային են, եթե նայեք քարտեզին, այսինքն՝ դրանք ճանապարհով կապվելու են Ադրբեջանին։ Իրականում որևէ գյուղեր չկան, մարդիկ այնտեղ չեն ապրում, այս գյուղերը ավերվել են, բայց Ադրբեջանը հավակնում է այդ տարածքներին։
– Ինչպիսի՞ն է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում:
-Փաշինյանի միտքն այն է, որ այս 4 գյուղերը, որոնք գտնվում են Տավուշում, պետք է անվերապահորեն փոխանցվեն Ադրբեջանին։ Դրա դիմաց Հայաստանը Ադրբեջանից չի պահանջում որևէ տարածք, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում, բայց պատկանում են Հայաստանին։
Ադրբեջանը պահանջում է բոլոր այն տարածքները, որոնք իբր իրեն են պատկանել խորհրդային օրենսդրությամբ, մինչդեռ չի պատրաստվում զիջել հենց այն տարածքները, որոնք վերահսկում է։ Դե իսկ այդ տարածքներում են Արծվաշենը, ինչպես նաև մոտ 200 քառ. կմ, որը գրավվել է արդեն հիմա՝ Ղարաբաղյան պատերազմից հետո։ Եվ նրանք չեն պատրաստվում զիջել այս տարածքները։
Փաշինյանի մտահղացմամբ՝ խոսքը գնում է սահմանազատման մեկնարկի մասին հենց այս տարածքներից, բայց իրականում սա միակողմանի զիջման է նման։
Փաշինյանը արտահայտվել է նաև, որ Հայաստանը դրա դիմաց պահանջելու է իր 31 գյուղերը: Որքանո՞վ է դա իրատեսական
-Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք ինչ-որ բան պահանջել։
Այդ առումով անհրաժեշտ կլիներ ստեղծել հանձնաժողով, նստել և զբաղվել սահմանազատմամբ, սահմանագծմամբ, ինչպես Վրաստանի հետ Հայաստանի դեպքում, ինչպես և Ադրբեջանի հետ Վրաստանի դեպքում։ Բայց դա չի արվում։
– Ինչո՞ւ չի ստեղծվում հանձնաժողով և այս գործընթացը կառուցողական հունով չի ընթանում:
– Որովհետեւ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ։ Նրան Հայաստանը պետք է հնարավորինս թուլացած։ Ցանկացած անկլավ կամ էքսկլավ դա մտահոգություն է: Դա պետք է դասակարգել, լուծում տալ քարտեզի վրա, հսկայական թվով բաներ լուծել է պետք։ Մարդիկ այնտեղ կապրե՞ն թե ոչ։ Եթե այո, ապա որտեղից կլինի գազը, ջուրը եւ այլն: Հայաստանի տարածքի՞ց: Իսկ եթե Ադրբեջանի տարածքից, ապա ո՞ր տարածքներով, ինչպե՞ս։ Եվ այսպես շարունակ։ Այս բոլոր հարցերը լուծվում են բանակցային գործընթացում, եթե դա նորմալ է լուծվում։ Հայ և ադրբեջանցի փորձագետների միջև կոնկրետ համագործակցության ռեժիմով: Սա շատ բարդ գործընթաց է։ Ենթադրենք, այս գործընթացը Հայաստանում և Վրաստանում շարունակվում է արդեն 30 տարի։ Սահմանազատվել է սահմանի մոտավորապես 2/3-ը։ Սա երկրների միջև նորմալ արժանապատիվ հարաբերությունների պայմաններում: Վրաստանն ու Հայաստանը նորմալ հարաբերություններ ունեն: Այս գործընթացն ընթանում է նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև, այնտեղ ավելի վատ է, քանի որ այնտեղ կա Դավիթ Գարեջի, այդ հարցը ոչ մի կերպ չի լուծվում։ Իսկ այստեղ, ըստ երևույթին, ենթադրվում է, որ մեկ ամսում դա կարելի է անել հանդգնաբար, բայց այդպես չի ստացվում։ Ադրբեջանը, սակայն, համաձայն չէ նման գործընթացի՝ նորմալ սահմանազատման։ Եվ, հետևաբար, պաշտոնական Երևանը կարծում է, որ խնդիրը կարող է լուծվել այս ճանապարհով, վիճելի բոլոր տարածքները զիջել, իսկ հետո սկսել բանակցությունները։
– Թվարկված գյուղերի փոխանցումն ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար
-Վատ, որովհետեւ որոշ ճանապարհներ կվերանան, ստիպված պետք է նորերը կառուցվեն։ Մյուս տարածքները ավելի քիչ հարմար են, այսինքն՝ ճանապարհներ պետք է կառուցվեն լեռների միջով։ Ընդ որում, դրանք Հայաստանից Վրաստան տանող ճանապարհներն են։ Ռազմավարական առումով դա կարևոր նշանակություն է ունենալու, քանի որ այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել և վերահսկում է, այնտեղ սովորաբար ինչ-որ ռազմական օբյեկտներ են կառուցում, ճանապարհներ են կառուցում և այլն։ Ամեն դեպքում դա ճանապարհին շատ մոտ կլինի։ Այնպես որ, դա ձեռնտու չէ և՛ ռազմավարական, և՛ տնտեսական առումով։