Ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունն ու Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը տեղեկացվել են այդ մասին։

Տարածված հաղորդագրության մեջ ադրբեջանական կողմը պնդում է, թե նման քայլի է դիմել «մարդուժի, սպառազինության, ականների, ինչպես նաև Հայաստանից ռազմական նշանակության մյուս միջոցների անօրինական տեղափոխման» պատճառով, ինչը, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտում է»։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ ապրիլի 22-ի երեկոյան «հայկական կողմը, ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ, միակողմանիորեն սահմանային անցակետ է տեղադրել գետի հակառակ ափին»։ Բաքուն պնդում է, թե այս քայլով «իրենք նույնն են արել, ինչ հայկական կողմը»։

Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների համապատասխան անելիքները: